ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել։
Ազգային ժողովի գումարած արտահերթ նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրակարգային հարցերի թվում ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնավորումները. ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
«Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրականացնել հերձում», - օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց նախարարը։
Մշենք, որ ԱԺ–ի այսօրվա նիստի օրակարգային հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ Նիստի սկզբում Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց օրակարգային հարցերը հատուկ ընթացակարգով առաջին և երկրորդ ընթերցման քննարկելու անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ձեռնարկվող քայլերը՝ օրենսդրական փոփոխությունների կարիք կա։ Կառավարությունն առաջարկեց այս արտահերթ նիստում ներկայացված հարցերի երկրորդ ընթերցումն անցկացնել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում։ Ազգային ժողովը 84 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ կողմ քվեարկեց որոշմանը։
Հիշեցնենք` այսօրվա տվյալներով` Հայաստանում482 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Վարակման առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին: Վարակվածներից երեքը մահացել են։
Տասնյակ զինվորներ ծառայության են վերադառնում մեկուսացումից և ինքնամեկուսացումից. Տոնոյան