ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Վանաձոր քաղաքի երկու բնակիչների վրա կրակած անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույնպես Վանաձորի բնակիչ է: Նա վիճաբանության ընթացքում կրակոցներ է արձակել իր երկու համաքաղաքացիների ուղղությամբ, ապա ավտոմեքենայով դիմել փախուստի: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
2020 թվականի մարտի 24-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որոնց հետևանքով նրանցից մեկին պատճառվել են որովայնի առաջնային պատի և ձախ թևի, իսկ մյուսին՝ կրծքավանդակի հետին մասի հրազենային վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել վերջինի ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,-հայտնում են Քննչական կոմիտեից:
Սպանողը զինծառայո՞ղ է. Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության հետքերով
Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ:
Նախաքննությունը շարունակվում է: