«Կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին». նախագահը զրուցել է Դևեջյանի որդու հետ

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ֆրանսիահայ գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։ Դևեջյանի մահվան կապակցությամբ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին։

«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

76-ամյա ֆրանսիահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, մահացել է այս գիշեր։

«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,-ասել է նախագահը։

Իսկ ցավակցական ուղերձում ՀՀ նախագահը գրել է, որ Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին:

Սարգսյանը նշել է, որ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Սարգսյանի ուղերձում նշված է, որ Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով:

Կյանքից հեռացել է մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Դևեջյանը ծնվել է Ֆրանսիայում։ Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գաղթած հայ է։

Դևեջյանն ակտիվորեն զբաղվում է Ֆրանսիայի քաղաքական կյանքով։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։ Նախագահ Նիկոլա Սարկոզիի մտերիմներից էր։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը հայտարարել է համավարակ։