Կյանքից հեռացել է մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Կյանքից հեռացած լեհ կոմպոզիտորին հայ ունկնդիրը ծանոթ է, քանի որ նա քանիցս այցելել է Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. 86 տարեկան հասակում այսօր մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Պենդերեցկին նույնպես. մեծանուն երգահանը հայուհու թոռ է

«Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, «Հովեր» երգչախմբի հետ համագործակցության շրջանակներում»,–գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2018–ին, երբ իր ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Պենդերեցկին հերթական անգամ այցելել էր Հայաստան, ասել էր, որ իրեն մեկ քառորդով հայ է համարում, քանի որ իր տատը հայ է եղել։

Պենդերեցկի. Ինձ վրա ազդել է Կոմիտասի ստեղծագործությունը

Պենդերեցկին գործունեություն էր ծավալում աշխարհի տարբեր երկրներում։ Լեհ երգահանի երաժշտությունը ոգեշնչել է և շարունակում է ոգեշնչել մի քանի սերունդների։ Նա օպերաների, գործիքային համերգների հեղինակ է։ Գործունեության ընթացքում երգահանը երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի և երկու անգամ դարձել «Էմմիի» մրցանակակիր, պետական մի շարք մրցանակների դափնեկիր է։