Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է

ՌԴ-ում ներմուծման և արտահանման սահմանափակումները չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը ԵԱՏՄ–ից եկող բեռների համար «կանաչ գոտի» կապահովեն, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի Հայաստանի բեռների համար: Տեղեկությունը հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարությունում արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան

«Քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել: Քանի որ այժմ ՌԴ-ում սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, դա կարող է խուճապային տրամադրություններ առաջացնել ՀՀ–ում, սպառողների շրջանում, ուստի կարևոր է արձանագրել, որ դրանք չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Փաշինյանը հավելել է՝ Ռուսաստանի գործընկերներն էլ են շահագրգիռ, որպեսզի իրենց խանութներում և սպառողական շուկաներում ապրանքները մատակարարվեն բնականոն հունով:

Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը։

Սահմանային անցակետերում մնացած բեռների հարցը կլուծվի՞. Փաշինյանը կխոսի Գախարիայի հետ

Տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել առաջարկություններով:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ։

Լաստանավով կգան, երկաթուղով կգան... Իսկ Հայաստան ե՞րբ կհասնեն բեռները

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի ու արտակարգ դրության հետևանքով տուժած գործարարներին և սոցիալապես անապահով քաղաքացիների համար աջակցության ծրագրեր է մշակել: Մասնավորապես, կորոնավիրուսից տուժած գործարարներին անտոկոս վարկեր, իսկ քաղաքացներին աջակցություն կտրամադրվի։