Հայաստանում ևս 2-ը մահացան կորոնավիրուսից

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ բժիշկներն արել են հնարավորը, բայց կնոջն ու տղամարդուն չեն կարողացել փրկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29  մարտի - Sputnik. Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ է գրանցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«1 ժամվա մեջ 2 մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Թորոսյանի խոսքով՝ բժիշկներն արել են ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը, ցավոք, չի հաջողվել:

Նախարարը ցավակցել է նրանց հարազատներին։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը երեկ Facebook-ի իր էջում հայտնել էր, որ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելանում է. վարակվածներն արդեն 424 են

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 407 դեպք է արձանագրվել։ Մարտի 26-ին տեղեկություն տարածվեց, որ վարակվածներից մեկը մահացել է։ Մահացածը կին էր, բուժում էր ստանում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Նա ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով էլ հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը:

Կորոնավիրուսից մահացածի հուղարկավորությունը կկատարվի համաճարակաբանական ցուցումներով