«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

Ստեղծված իրավիճակում, ըստ երկրորդ նախագահի, կարևորագույն նշանակություն է ստանում նաև հասարակության համախմբվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Արցախի ժողովրդին։

«Արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ–ում, աշխարհի բազմաթիվ այլ երկրների օրինակով, արտակարգ դրություն է հայտարարված՝ կանխելու համար նոր կորոնավիրուսի համաճարակը։ Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։ Սակայն, Հայաստանի և Արցախի սերտ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի ներթափանցման և տարածման տեսանկյունից ակնհայտ վտանգներ է առաջացնում»,–նշված է ուղերձում։

Արցախում նախընտրական տրամադրությունները փոխվում են. կորոնավիրուսը մտորելու առիթ է տալիս

Նրա խոսքով` սա խոր անհանգստության տեղիք է տալիս, քանի որ կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների անբավարար լինելու պայմաններում՝ համաճարակը կարող է արագորեն տարածվել և բազմաթիվ կյանքեր խլել։ Այն կարող է նաև լրջագույն հարված հասցնել երկրի անվտանգությանը, հատկապես` առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։

Քոչարյանը նշում է, որ այս առումով Արցախի ղեկավարությունը դժվարին ընտրության առաջ է կանգնած և պետք է պատասխանատու որոշումներ կայացնի՝ գերադասելով Արցախի և արցախցիների անվտանգությունը։ Նա հույս ունի, որ իշխանություններն ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են արտակարգ միջոցներ կիրառել հնարավոր վտանգները կանխելու համար։

Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ դատական նիստը մտածված է տապալվել

Ստեղծված իրավիճակում, ըստ երկրորդ նախագահի, կարևորագույն նշանակություն է ստանում նաև հասարակության համախմբվածությունը։

«Հասկանալի է, որ անցած քարոզարշավը որոշակի օբյեկտիվ դժվարություններ է առաջացրել այս իմաստով։ Դիմում եմ քաղաքական գործընթացի մասնակիցներին և բոլոր արցախցիներին. առավելագույն պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերեք՝ այս լրջագույն ու համազգային մարտահրավերը պատվով հաղթահարելու համար»,–իր ուղերձում ասում է Քոչարյանը։

Նախապես պետք է մշակել Արցախի սահմանին իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները

Անցնող ամսվա իրադարձություններին և իրավիճակի զարգացումներին հետևելիս՝ նա ևս մեկ անգամ համոզվել է, որ գալիք տարիների համար Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք։ Քոչարյանը հուսով է`արցախցիները կընտրեն այն մարդուն, ով իր կյանքով է ապացուցել անմնացորդ նվիրվածությունը Արցախի անկախության գաղափարին:

Նա արցախցիներին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն է մաղթում։ Քոչարյանը նշել է, որ տասնամյակներ առաջ միասին անմարդկային դժվարություններ են հաղթահարվել, հաղթանակել պատերազմում ու ինքնիշխան երկիր կառուցել։ Նա վստահ է` նույն միասնականությամբ կհաղթահարվի նաև այսօրվա մարտահրավերները։

Քոչարյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվել ախտորոշման համար. Սողոմոնյան

Հիշեցնենք, որ երկու օրից` մարտի 31-ին Արցախում համապետական ընտրություններ են ընթանալու։ Արցախում երեկվա դրությամբ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չի գրանցվել։ Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 224 դեպք։