ԵՐԵՎԱՆ, 28 մարտի- Sputnik. Կորոնավիրուսով վարակված զինծառայողները լավ են։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի ուղիղ եթերում նշեց, որ զինծառայողներից չորսն առհասարակ հիվանդության որևէ ախտանշան չունեն, իսկ մեկ զինծառայող ոչ այնքան բարձր ջերմություն ունի։ Լավ լուրերին նա ևս մեկն ավելացրեց.
«Չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր»,- նշեց նա։
Ստեփանյանը խոսեց նաև այն մտահոգությունների մասին, որոնցով վերջին օրերին դիմում են նախարարություն՝ հետաքրքրվելով` ինչպես են այս օրերին տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք տարբեր երկրներում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերի հետ։ Նրանց շարքերում կորոնավիրուսով վարակվածներ չկան, նույնիսկ կոնտակտավորներ չկան»,- նշեց խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանը։
Անսպասելի այցեր. զինվորներին ասել են` ինչ է պետք անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Նա նաև ուղիղ եթերում տեսակապ հաստատեց ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում, ինչպես նաև` ՆԱՏՕ-ի՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրով Կոսովոյում, Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնող մեր զորախմբերի հետ։
Զորախմբերում իրականացնում են կանխարգելիչ, ախտահանիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները, իսկ մեր զինծառայողներն էլ առողջ են ու կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները։