Դժվարացել է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպումը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ–ն Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: ՀՀ ԱԳՆ–ն մեր երկրի քաղաքացիներին կոչ է անում նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: 

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ–ն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։ 

Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել

Հայաստանի արտաքին գերատեսչությունը նաև կոչ է անում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող  միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը։

Հիշեցնենք` ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ  վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։  

ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան