Բժշկականի ուսանողներին ցուցակագրում են. հնարավոր է` բժիշկները չհերիքեն

Հայաստանում բժիշկները դեռ հասցնում են սպասարկել կորոնավիրուսով վարակվածներին, սակայն իշխանությունը նախապատրաստվում է վատագույն սցենարին, որին արդեն բախվել են որոշ երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը կազմում է վերջին կուրսերի բժիշկ ուսանողների ցանկը, որոնք կարող են օգնել կորոնավիրուսով հիվանդների բուժման հարցում, եթե իրավիճակն անկառավարելի դառնա։

35 նոր դեպք ունենք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 407 է

Մարտի 17-ին Իտալիայի իշխանությունները հայտարարեցին, որ բժիշկների պակասի պատճառով ուզում են բժշկական հաստատությունների վերջին կուրսերից 10 հազար ուսանողի ներգրավել կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հայաստանում իրավիճակը դեռ այդքան էլ ողբերգական չէ, սակայն իրավիճակի նման զարգացում մեր երկրում ևս դիտարկվում է։

Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, ներկա պահին բուժող բժիշկներն են հիմնական բուժօգնությունը ցույց տալիս, թեև կան ուսանողներ, որոնք ադմինիստրատիվ հարցերում օգնում են։

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

«Բայց մինչև հասնենք այն վիճակին, որ պիտի, օրինակ, ուսանողները օգնեն, մենք այս պահին հավաքագրում ենք անում, տվյալների բազա ենք հավաքում։ Վերջին կուրսի ուսանողներն են։ Եվ եթե որևէ այդպիսի իրավիճակում գտնվենք, որ արդեն բուժող բժիշկները չհերիքեն, այո՛, ուսանողները ևս կկցվեն այդ գործին»,–ասաց Նիկողոսյանը։

Թե ուսանողների ինչ քանակի մասին է խոսքը, Նիկողոսյանի խոսքով, դեռ վաղ է ասելը։ Տվյալների հավաքագրման գործընթացը շարունակվում է։

Իր հերթին Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման սցենարի իրենք պատրաստ են։

«Մենք վերապատրաստումներ ենք արել, այս պահին մենք օրդինատորներ, ուսանողներ ունենք, որոնք տարբեր հիվանդանոցներում են։ Հիմա մեր 8 օրդինատորներ ինֆեկցիոն հիվանդանոցում են», – ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով` իրենք կուրսեր են անցկացրել այլ ոլորտների նեղ մասնագետների համար։ Օրինակ` տրավմատոլոգին պատրաստել են ինֆեկցիոն և համաճարակաբանական գործողությունների համար, ինչը կօգնի մասամբ թեթևացնել մասնագետների բեռը։

«Դա իրենք կկարողանան անել միայն մասնագետի, ինֆեկցիոնիստի հսկողության տակ, բայց դա կարևոր է, որովհետև ոչ ծանր դեպքերում միգուցե իրենք կարողանան արդեն ինչ–որ ձևով օգնություն ցույց տալ», – ասաց Դանիելյանը։

Բացի այդ, նրանք կկարողանան, օրինակ, տնայցեր կատարել։ Այդպիսով մասնագետները կկարողանան հիվանդանոցներում հանգիստ զբաղվել ծանր դեպքերով։

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ ուսանողները չեն կարող միայն իրենց ցանկությամբ աշխատանքի անցնել։ Հիվանդանոցների կողմից պահանջարկ լինելու դեպքում նրանք նախ հատուկ վերապատրաստման դասընթացների կմասնակցեն։

Ներկա պահին վերապատրաստում անցած ուսանողական «ռեզերվում» ավելի քան 300 ապագա բժիշկ կա։

Ինչ վերաբերում է ուսանողների քանակին, որոնք կարող են միանալ բժիշկներին, ապա այս պահին հստակ թիվ չկա։

Հիշեցնենք` Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 407 դեպք է արձանագրվել։ Ունենք 1 մահ, 2 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ թոքաբորբով ուղեկցվող 13 հիվանդ վերակենդանացման բաժանմունքում են։

Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել