ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ` առևտրի կետերի վճարման և անհրաժեշտության դեպքում վաճառքի տաղավարների մոտ պետք է առնվազն իրարից 1 մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով։
«Բացի այդ, պետք է բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում պետք է նախ կազմակերպել ներսում գտնվողների դուրս գալը, հետո նոր թույլատրել նոր անձանց մուտքը խանութներ»,–նշված է որոշման մեջ։
Իսկ ամեն օր ժամը 10-12։00 սահմաններում պետք է պարենային և/կամ ոչ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտները սպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի անձանց` մինչ այդ ախտահանելով խանութի սրահը։
Տնտեսվարողները պետք է նաև պայմաններ ապահովեն ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Դիմակներ պետք է կրեն այն աշխատակիցները, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ։ Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը պետք է չափեն նվազագույնը օրական երկու անգամ։ Աշխատատեղերը պետք է նվազագույնը 2 մետր հեռավորության վրա լինեն։
Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ
Տնտեսվարողը պետք է ապահովի միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի վաղ Ավինյանը որոշում էր կայացրել, որ պետք է գործեն միայն դեղատները, պարենային խանութներն ու գյուղատնտեսական շուկաները։
«Մալադեց, Նիկոլ ջան». թոշակառու կինն ուրախացավ Փաշինյանի զանգից