ԵՐԵՎԱՆ, 27 մարտի –Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, մեկ միլիոն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին Instagram–ի իր էջում հուզիչ գրառում է արել նրա գինեկոլոգ Թաիս Ալիաբադին։
«Խոսքեր չունեմ, աչքերս լի են ուրախության արցունքներով։ Աղոթում էի, որ մենք դիմակներ ձեռք բերենք մեր բուժանձնակազմի համար, և երազանքս կատարվեց։ Պացիենտներիցս մեկը՝ երկրագնդի վրա ապրող այդ հրեշտակը, մեկ միլիոն դոլար է նվիրաբերել` օգնելու մեզ հարյուր հազարավոր դիմակներ և պաշտպանիչ այլ միջոցներ գնել»,– գրել է գինեկոլոգը։
Իր գրառման մեջ բժիշկն ընդգծել է, որ հիվանդանոցում դիմակներն անհետանում են լույսի արագությամբ, իսկ այս դժվարին ժամանակներում միջոցներ գտնելը հեշտ չէ։ Վերջում նա շնորհակալություն է հայտնել Քայլիին` նրան անվանելով «մեր ժամանակների հերոս»։
Միլիարդատեր Քայլի Ջեների պատասխանը չի ուշացել։ Մեկնաբանություններում նա պատասխանել է, որ ինքն էլ շնորհակալ է բժիշկին հոգատարության համար։
«Շատ եմ սիրում Ձեզ։ Շնորհակալություն այն սիրո և հոգատարության համար, որը ներդնում եք Ձեր գործում։ Այդ Դուք եք երկրի վրա ապրող իսկական հրեշտակը»,– գրել է Ջեները։
Սոցցանցերի իր էջերում Ջեները չէր բարձրաձայնել բարեգործության մասին՝ հավանաբար ցանկանալով այն գաղտնի պահել։
Չեղարկված համերգներ, պարտադրված կարանտին. Ռոբի Ուիլյամսը որոշել է անվճար երգել
Նշենք, որ այս պահին ԱՄՆ–ն կորոնավիրուսով վարակվածների թվով գերազանցել է Չինաստանին։ Worldometer պորտալի տվյալներով` վերջին 6 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 16 հազարով` անցնելով 85 604–ի շեմը, մահացածների թիվը` 1177 է։ Նախօրեին հայտնում էին 802 մահացածների և 55 238 վարակվածների մասին։ Թվով ամենաշատ վարակվածները գրանցվել են Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Կալիֆոռնիայում։