Անդրադառնալով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը՝ Ղազանչյանը նշեց, որ այդ կարևոր միջոցառումը թեև ավելի ուշ, բայց այնպայման կկայանա, որը օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կնշվի անհամեմատ մեծ շուքով։
«Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին, որ աջակցեց, որպեսզի միջոցառումը կազմակերպվի հնարավորինս շքեղ, քանի որ այս տարի նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության 20-ամյակն է, և մենք ուզում ենք այն անցկացնել շատ ճոխ պայմաններում։ Հիշում եմ մեկնարկը, որը կայացավ մեր միության փոքրիկ դահլիճում, մինչդեռ այսօր այն ամենագլխավոր թատերական իրադարձությունն է»,– առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Ղազանչյանի տեղեկացմամբ` բոլոր այն թատրոնները, որոնք ներկայացրել էին իրենց ներկայացումները, անհամբերությամբ սպասում են արդյունքներին։ Փորձագետների խումբը դիտել է դրանց 99 տոկոսը՝ ավելի քան 40 ներկայացում։
«Քվեարկության անցած ներկայացումների ցանկը չենք հրապարակում, որովհետև պետք է դիտենք ևս չորս ներկայացում։ Ցավոք, այս իրավիճակի պատճառով չհասցրինք, սակայն կասկած չունեմ, որ մոտ ապագայում դրանք էլ կդիտենք և կկազմակերպենք մրցանակաբաշխությունը։ Մենք պատրաստ ենք, տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է, արձանիկները պատրաստված են։ Սպասում ենք պատեհ ժամանակի»,– նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։
Ղազանչյանը խոսեց նաև առցանց ներկայացումների դրական կողմի մասին։ Ըստ նրա` թեև թատրոնը կենդանի արվեստ է և կարևոր է հանդիսատեսի անմիջական ներկայությունը դահլիճում, նրա կապը դերասանների հետ, բայցևայնպես, ելնելով առկա իրավիճակից կարելի է ողջունել նման նախաձեռնությունը, որովհետև իսկապես երբեմն մատուցվում են լավ նկարահանված առցանց ներկայացումներ։ Ղազանչյանի համոզմամբ` պետք է պրոֆեսիոնալ կերպով մոտենալ գործին և միշտ հիշեցնել, որ թատրոնը կա։ Օրինակ` Պարոնյանի անվան թատրոնի վերջին ներկայացումն ունեցել է ավելի քան 2000 դիտում։
Այդուհանդերձ թատերական գործիչների միության նախագահը կարծում է, որ երևույթը ժամանակավոր բնույթ է կրում, և իր համար նկարահանված ներկայացումները զուտ արխիվային նյութեր են։
Նշեն, որ այսօր թատերական աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը։