Հայաստանում միջմարզային միակ տրանսպորտը մնացել է երկաթուղին

Արագընթաց գնացքները չեն աշխատում, բայց սովորական գնացքներով գյուղացիները նույնիսկ միրգ-բանջարեղեն են տեղափոխում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին չի դադարեցրել միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը: Ի պատասխան բազմաթիվ քաղաքացիների հարցումների, Facebook-ում գրել է ՀԿԵ մամուլի հետ կապերի պատասխանատու Ռուբեն Գրդզելյանը:

Չեն աշխատում միայն Երևանի և Գյումրիի միջև արագընթաց գնացքները:

«Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտից դեպի Երևան Երասխի և Արաքսի ուղություններով»,- գրում է նա:Գրդզելյանը հայտնում է նաև, որ այս օրերին միջմարզային ավտոմոբիլային տեղաշարժի սահմանափակումների ներքո երկաթուղային տրանսպորտը մնում է դյուրին և հարմար, կարևորը՝ ավելի անվտանգ, գուցե և միակ հնարավոր տարբերակը տեղաշարժվելու բնակավայրերի միջև:

Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել

Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից դադարեցվել են միջմարզային բոլոր տեսակի ուղևորափոխադրումները:

Երևանի տրանսպորտի վիճակը լարված է, բայց ոչ կոլապսային. քանի անգամ է կրճատվել ուղևորահոսքը