Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik.Հայաստանում հաստատված արտակարգ դրության ու կորոնավիրուսի տարածման հետևանքով սոցիալական դժվարությունների առաջ հայտնված մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան: Կառավարության նիստում լուրը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:

Պետությունը կաջակցի միայն պարտաճանաչ ՓՄՁ-ներին

Անչափահաս երեխա ունենալը, սակայն, միակ պայմանը չէ պետական աջակցությունից օգտվելու համար: Բաթոյանը նշեց, որ դրա համար ծնողները պետք է աշխատանքից ազատված լինեն մարտի 13—25-ն ընկած ժամանակահատվածում, կամ նրանցից մեկն ազատված լինի աշխատանքից, մյուսն էլ աշխատանք չունենա կամ լինի միայնակ:

«Աջակցությունը միանվագ նպաստի ձևով է, յուրաքանչյուր երեխայի համար՝ 100 000 դրամի չափով»,- ասաց Բաթոյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ փաստաթղթային բոլոր ձևակերպումնեն իրականացվեն արդեն ապրիլի 1-ից, և ընտանիքները ստանան իրենց հասանելիք աջակցությունը:

«Ուրեմն աշխատում են օր ու գիշեր, շաբաթ-կիրակի, որպեսզի այս բոլոր ծրագրերով միջոցները հասանելի լինեն չորեքշաբթի առավոտյան, ժամը 08:00-ից»,- հանձնարարեց վարչապետը:

Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի սոցիալական բաղադրիչը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290