ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Կառավարությունը խրախուսական աջակցություն է տրամադրում այն ՓՄՁ-ների սեփականատերերին, ովքեր կորոնավիրուսի տարածմամբ ու Հայաստանում սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված ճգնաժամի շրջանում պահել են իրենց աշխատակիցներին ու վճարել նրանց ամբողջական աշխատավարձերը՝ առանց կրճատման:
Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի ՓՄՁ-ների խրախուսմանն ուղղված բաղադրիչը:
Խրախուսում կստանան 2- 50 աշխատակից ունեցող կազմակերպությունները:
«Բացառություն ունենք բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, շահումով խաղերի ու վիճակախաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ գործունեություն ծավալող ընկերությունների համար»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ յուրաքանչյուր 5 աշխատակցից մեկի աշխատավարձը պետությունը կվերադարձնի գործատուին՝ որպես դրամաշնորհ: Իսկ մինչև 5 աշխատակից ունեցող ՓՄՁ-ների աջակցությունը կհաշվարկվի հետևյալ բանաձևով՝ աշխատակիցների աշխատավարձի գումարային չափը կբաժանվի աշխատակիցների թվի վրա:
Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների ծրագրի ՓՄՁ-ներին ուղղված բաղադրիչը:
«Սրանով մենք նաև մեր շնորհակալությունը կհայտնենք այն գործատուներին, ովքեր ի հեճուկս այս դժվարին ժամանակների, խուճապի չեն մատնվել և սոցիալական պատասխանատվություն են ցուցաբերել»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդ որում, այս աջակցությունը գործատուները կստանան այն բանից հետո, երբ իրենց աշխատակիցներին կվճարեն մարտ ամսվա աշխատավարձերը, և ՊԵԿ-ի ուսումնասիրության արդյունքում կհաստատվի, որ աշխատողների թիվն ու աշխատավարձերի չափը չի տարբերվում փետրվար ամսվա տվյալներից:
Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Քննարկման արդյունքում կառավարությունը հաստատեց ներկայացված նախագիծը:
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։ ՄԱրտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։