Հայաստանում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել

Պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, և նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik.Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»,- Facebook–ի իր էջում գրել է նա:

Նշվում է նաև, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Նիկողոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մահացածը ՀՀ քաղաքացի է։

Ավելի ուշ նա իր գրառման մեկնաբանություններում նշեց նաև, որ մահացածը կին է։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր, ժամը 10։00-ի դրությամբ հասել էր 290–ի։

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ, խոսելով կորոնավիրուսով վարակվածների մասին, ասաց, որ երկուսը ծանր վիճակում են, մեկն ԱՄՆ քաղաքացի է` ազգությամբ հայ չէ, մյուսը` ՀՀ քաղաքացի։ Երկուսն էլ 70–ն անց են։

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։ Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան