ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Տեղեկությունը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: «Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։ Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ»,–վստահեցրել է Տոնոյանը։
Նրա խոսքով` կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան. Թորոսյան
«Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում»,–տեղեկացրել է նախարարը:
Նա հավաստիացրել է, որ տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։
Նա ընդգծել է, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:
ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված պացիենտների մեջ չունեն ծանր վիճակում գտնվող զինծառայող կամ որևէ այլ ծառայության աշխատակից։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։