ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 16-ով և դարձել 265, առողջացել է 16 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնել էր 249-ի վարակվածի մասին և նշել, որ վարակվածներից 30-ը թոքաբորբ ունեն, 5-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր:
Վարչապետը հայտնել էր, որ 868 մեկուսացած քաղաքացի կա, ևս 2419-ի համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:
Փաշինյանի խոսքով՝ որ կորոնավիրուսի տարածման երեք զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, Էջմիածնի մեր հայրենակիցները և Երևանի արտադրամասի մեր հայրենակիցները։
Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ Հայաստանումկորոնավիրուսից 14 քաղաքացի է բուժվել։ Նրանցից 12-ը մեկուսացման մեջ եղած քաղաքացիներից են։
Ընդհանուր առմամբ, մեկուսացումից դուրս է եկել 88 քաղաքացի, որոնցից 37-ն իրենց շենքում մեկուսացվածներից էին, իսկ 51-ը՝ հատուկ վայրում։
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակվածների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
«Նորք» ինֆեկցիոնի բժշկին զարմացրել է Երևանի փողոցների աշխուժությունը. նա կոչ է հղել
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ երեկվանից՝ ժամը 23։59-ից, խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները․ մեկ շաբաթ ՀՀ քաղաքացիները տնից դուրս գալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենան և ներկայացնեն անձնագիր ու պարետատան սահմանած ձևաթուղթ՝ ձեռագիր կամ տպագիր լրացրած։ Սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելու դեպքում՝ քրեական պատասխանատվության։