Ինչպես են իրենց զգում 190 վարակակիրները. նախարարը մանրամասներ ներկայացրեց. տեսանյութ

ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը հիշեցնում է, որ շուտով կլրանա ինչպես շատ վարակվածների, այնպես էլ մեկուսացվածների 14 օրը, որից հետո նրանք թեստ կհանձնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ խոսել է կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի մասին` ընդհանուր դրությունը գնահատելով բավարար։

Կորոնավիրուսի հետևանքով Թուրքիայում 21 մարդ է մահացել

«Վարակվածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, նրանցից միայն 14–ի մոտ է առկա թոքաբորբ, որոնցից 6–ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վերահսկողության տակ։Ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն միացված չեն թոքերի արհեստական շնչառության ապարատին։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Թոքաբորբով հիվանդների մոտ առկա են հարակից ուղեկցվող հիվանդություններ, այդ պատճառով էլ նրանք կարիք ունեն ինտենսիվ թերապիայի»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` մնացած վարակվածները որպես այդպիսին բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Նրանք մշտապես գտնվում են բժիշկների հսկողության տակ։

Նախարարը հիշեցրեց, որ շուտով կլրանան մի շարք քաղաքացիների մեկուսացման, ինչպես նաև մի շարք վարակվածների բուժման 14–րդ օրը, նրանք թեստեր կհանձնեն, և եթե նրանց մոտ կորոնավիրուս չհայտնաբերվի, կգնան տուն։

Ավելի վաղ ֆեյսբուքի իր էջում ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել էր, որ հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

«Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտի հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակտավորները ևս պարզված են»,–գրել էր նա։

Ստուգայց ՊԲ զորամասեր. ամեն ինչ արվում է բանակում կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։ Ապաքինվել են 2–ը։

Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։