Արդարադատության փոխնախարարը կորոնավիրուսով վարակված չէ. թեստի արդյունքը բացասական է

Մարտիրոսյանը հիշեցրել է, որ սենսացիոն լուրից ավելի կարևեր են մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի` կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Տեղեկությունն իր Facebook-ի իր էջում հրապարակել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

Ալկոգել ծիրանով, կամ ինչ փոփոխություններ է կրել երկրում ախտահանող միջոցների արտադրությունը

«Հաշվի առնելով արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ արտասահմանից վերադառնալու հանգամանքը և շփումների շրջանակը՝ պարոն Գրիգորյանը թեստ է հանձնել. արդյունքը՝ բացասական է, կորոնավիրուս չի հայտնաբերվել»,–գրել է նա:

Իսկ հետգրության մեջ խոսնակը կրկին հորդորել է ԶԼՄ գործընկերներին սենսացիոն հրապարակում տեղադրելուց առաջ հիշել, որ մարդու արժանապատվությունը և բնակչության առողջությունը ավելի բարձր արժեքներ են, մանավանդ այս օրերին:

Նշենք, որ մամուլում տեղեկություն է տարածվել, թե արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած է, ինչի պատճառով բացակայում է աշխատանքից։

Բանակն ապահովված է անհրաժեշտ նյութերով. հորդորում են անհասկանալի դրամահավաքի չմասնակցել

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերքել է այս լուրը. Գրիգորյանը բնակվում է Էջմիածնում: Հետևելով Առողջապահության նախարարության հորդորներին՝ իր աշխատանքային պարտականություններն իրականացնում է հեռահար տարբերակով:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 22–ին հասավ 190-ի։ Ապաքինվել են 2–ը։

Մարտի 16–ից ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։