Խանութներում ճիշտ ՀԴՄ են տալիս գնորդին, բայց այլ թիվ են ներկայացնում հարկային մարմնին

Պետեկամուտների կոմիտեն պահանջում է, որ տնտեսվարողները չմոլորեցնեն սպառողին ու տնտեսությանը։ Սպառողները գնված ապրանքների դիմաց ստացած կտրոնների լուսապատճենները կարող են ուղարկել կոնկրետ էլեկտրոնային հասցեով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ:

«Օրինակ` սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառող գնում է լավաշ` 500 դրամ, կարտոֆիլ` 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում` հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ»,– նշված է ՊԵԿ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա:

Հաշվի առնելով նման երևույթները` կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել hdminfo@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար:

Խանութներում ապրանք կա, դիմակների թիվն էլ 1 միլիոնի է հասնում. ՏՄՊՊՀ հայտարարությունը

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է` չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ` հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:

Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի