Ինչպես են աշխատում դեսպանատները Հայաստանի արտակարգ ռեժիմի պայմաններում

Դիվանագիտական ներկայացուցչություններից շատերը սահմանափակել են քաղաքացիների ընդունումն ու անցել աշխատանքի հեռավար ռեժիմի, թեժ գծեր են գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Հաշվի առնելով Հայաստանում հայտարարած արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը` դեսպանատներն իրենց աշխատակիցների ու քաղաքացիների անմիջական շփումները նվազագույնի են հասցրել։

Ռուսաստանի դեսպանատուն

Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը ժամանակավորապես սահմանափակել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը երկրի տարածք։

Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 նոր թեստ է ստացել

«Սահմանափակումները չեն կիրառվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանում այլ պաշտոնական ներկայացուցչությունների աշխատակիցների, ինչպես նաև նշված անձանց ընտանիքի անդամների, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցման մեքենաների վարորդների, օդանավերի, ծովային և գետային տրանսպորտի, միջազգային երկաթուղային հաղորդակցման գնացքների և լոկոմոտիվային բրիգադների անձնակազմի, պաշտոնական պատվիրակությունների անդամների և այն անձանց նկատմամբ, որոնք ունեն դիվանագիտական, ծառայողական, ինչպես նաև սովորական մասնավոր վիզաներ, որոնք տրվել են մոտ հարազատի մահվան հետ կապված, ՌԴ–ի տարածքում մշտական բնակություն ունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև օդային անցակետերով տարանցում իրականացնող անձանց նկատմամբ», – գրված է հաղորդագրության մեջ։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հաստատությունները ժամանակավորապես դադարեցրել են փաստաթղթերի ընդունումը, ձևակերպումն ու վիզաների բոլոր կարգերի տրամադրումը` բացառությամբ վերոնշյալ անձանց տրամադրվող վիզաների։

Կասեցվել է նաև վիզաների ձևակերպումը էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։ 

Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՌԴ քաղաքացիներին դեսպանատունը խորհուրդ է տալիս օգտվել ավիափոխադրողների ծառայություններից։

ՌԴ այն քաղաքացիները, որոնք կորոնավիրուսի պատճառով կորոշեն մեկնել Հայաստանից, կարող են իրենց մեքենաները կայանել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում։

Հեռ.` +374 99 123 465

ԱՄՆ դեսպանատուն

Դիվանագիտական ներկայացուցչությունն իր էջում հայտնել է, որ թեպետ դեսպանատունը դեռ շարունակում է աշխատել, բայց ձեռնարկում է համապատասխան նախազգուշական միջոցներ՝ առաջնորդվելով Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով։ Այդ միջոցները ներառում են մարդաշատ միջոցառումներին մասնակցելուց կամ այդպիսի միջոցառումներ կազմակերպելուց զերծ մնալը, սոցիալական շփումը նվազեցնելու նպատակով որոշ աշխատողների համար հեռահար աշխատելու հնարավորությունների ապահովումը, դեսպանատան տարածք այցելուների թվի կրճատումը և անհատական հիգիենայի կանոնների խստիվ պահպանումը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացավ 24–ով. նոր տվյալներ

Հյուպատոսական գրասենյակը շարունակում է ԱՄՆ քաղաքացիների սպասարկումը։ Բացի այդ, մարտի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է ԱՄՆ դեսպանությունների ու հյուպատոսական գրասենյակների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների կամավոր մեկնումը Միացյալ Նահանգներ, եթե նրանք առկա առողջական խնդիրների հետևանքով առավել խոցելի են նոր կորոնավիրուսի վարակի հանդեպ կամ ունեն մեկնումը հիմնավորող այլ ծանրակշիռ փաստարկներ։

Դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կասեցվել են նաև վիզա ստանալու համար անցկացվող հարցազրույցները։ Վիզաների տրամադրման ծառայությունների վերականգնման ժամկետները դեռ հայտնի չեն։

Գերմանիայի դեսպանատուն

Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը մարտի 19-ից փակվել է անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները:

Ինչպե՞ս են անցկացնում ժամանակը կորոնավիրուսով վարակված աշակերտի մեկուսացած դասընկերները

Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամանակահատվածի հետ, կչեղարկվեն` առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և երբ կսկսի նորից գործել վիզայի բաժինը:

Դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ անձնագրերը դեսպանատնից կարող են ստանալ այն անձինք, որոնք արդեն իսկ անցել են հարցազրույցը։

Մարտի 18-ին դեսպանատունը հայտնել էր նաև, որ նրանք, ովքեր ԵՄ քաղաքացի չեն, այդ պահից սկսած` այլևս չեն կարող մուտք գործել Գերմանիա: Սահմանափակումը գործում է առայժմ 30-օրյա ժամկետով:

ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներին և նրանց հարազատներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի և Շվեյցարիայի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին թույլատրվում է մուտքը Գերմանիա՝ որպես իրենց հայրենի երկրներ հասնելու տարանցիկ հնարավորություն: Բացառություն է արվում նաև երրորդ երկրների այն քաղաքացիների համար, ովքեր երկարաժամկետ կացության իրավունք ունեն ԵՄ անդամ որևէ պետությունում: Սույն կարգավորումը չի վերաբերում Գերմանիայի քաղաքացիներին:

Ֆրանսիայի դեսպանատուն

COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի և արտակարգ դրության համատեքստում վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվել է մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում:

Հետևաբար չեղարկվել են նաև հարցազրույցները։

Դեսպանատնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ անցել են հեռավար աշխատանքի։ Դեսպանատանը գտնվող քաղաքացիների անձնագրերը վերադարձվել են։

Դեսպանատունը պատրաստ է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ընդունել Ֆրանսիայի քաղաքացիներին։

Մեծ Բրիտանիա

Ոչ հրատապ հյուպատոսական աջակցության համար հնարավոր է դեսպանատուն մտնել միայն նախնական գրանցման դեպքում։ Այս պահին դեսպանատունը կորոնավիրուսի (COVID19) պատճառով նախազգուշական լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում, որոնց թվում է նաև աշխատակազմի հեռավար աշխատանքը։

Կորոնավիրուսով է վարակվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակը

Որպես 24-ժամյա գործող թեժ գիծ նշված է +37410264301 հեռախոսահամարը։

Հաշվի առնելով ընթացիկ իրավիճակը` որոշ հարցազրույցներ կարող են տեղափոխվել։ Ցանկացած փոփոխության վերաբերյալ կտեղեկացվի համապատասխան դիմորդներին։

Վրաստանի դեսպանատուն

ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունը դեռ մարտի 15-ին էր հայտարարել, որ անցնում է աշխատանքային արտակարգ ռեժիմի։ Գործում է թեժ գիծ՝ +37493167737:

Նշենք, որ մարտի 14-ից Վրաստանը 10 օրով փակել է Հայաստանի հետ սահմանը (բացի բեռնափոխադրումներից)։

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։

Ղազախստանի դեսպանատուն

2020 թվականի մարտի 16-ից Ղազախստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո սահմանափակվել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը։ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք։

Հայաստանում խստացվում են սահմանափակումները. կփակվեն բոլոր բարերն ու ակումբները

Սահմանափակումը չի կիրառվում դիվանագիտական անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև միջազգային պատվիրակությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Դեսպանատունն իր քաղաքացիներին (այդ թվում` այն օտարերկրացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք ունեն կացության իրավունք կամ Ղազախստանի քաղաքացիություն ունեցող անձանց ընտանիքիների այն անդամներին, որոնք հայրենիք և մշտական բնակության վայր վերադառնալու իրավունք ունեն) խորհուրդ է տվել վերադառնալ Ղազախստան։

Դեսպանատան տվյալներով` մինչև մարտի 23-ը դեռ հնարավոր կլինի օգտվել «Աերոֆլոտի» և «S7 Airlines» ռուսական ընկերությունների ավիաուղիներից Երևանից Մոսկվա, այնտեղից էլ Ղազախստան մեկնելու համար։ Միևնույն ժամանակ պետք է ունենալ Ղազախստան մեկնելու տոմսը, այլապես կարող են արգելել Մոսկվա մեկնող ինքնաթիռ նստել։

Sputnik Արմենիային դեսպանատնից հայտնեցին, որ աշխատանքի առցանց ռեժիմի են անցնում։

Հյուպատոսական ծառայության հետ կապ հաստատելու համար գործում է +37498935930 հեռախոսահամարը։

Բելառուսի դեսպանատուն

Բելառուսի դեսպանատունը խնդրում է այցելությունները նախապես համաձայնեցնել հետևյալ հեռախոսահամարով` +374 10 610053։

Դեսպանատունը նախազգուշացնում է Բելառուսի քաղաքացիներին, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հայրենիք վերադառնալ, կարող են օգտվել «Բելավիա» ավիաընկերության` մարտի 23-ի, ժամը 03:35–ի Երևան–Մինսկ ուղիղ չվերթից։

Դիվանագիտական ներկայացուցչությունը նշում է, որ Երևան–Մինսկ–Երևան երթուղով չվերթերը կդադարեցվեն Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով։

Ուկրաինայի դեսպանատուն

Ուկրաինայի դեսպանատունը մարտի 15-ին տեղեկացրել էր, որ մարտի 16-ից մինչև մարտի 20-ը քաղաքացիների ընդունելություն չի լինելու:

«Թու, թու, թու». Լուկաշենկոն կորոնավիրուսի թեմայով Փաշինյանի նման է կատակել. տեսանյութ

Նրանք առաջարկում են դեսպանատան հյուպատոսական բաժնի հետ կապ հաստատել +374 10 22 97 27 և +37410 25 65 41 հեռախոսահամարներով, ինչպես նաև Facebook–ի կամ Twitter–ի միջոցով:

Ուկրաինայի քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգի, մահվան կամ կորոնավիրուսով վարակվելու դեպքում խնդրում են զանգել թեժ գծի հեռախոսահամարով՝ +374 77 100 273:

Դեսպանատունը հիշեցրել է նաև Հայաստանում հրատապ օգնության հեռախոսահամարները` նշելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ընդունարանի և «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» հեռախոսահամարները։

Չինաստանի դեսպանատուն

Նախնական տվյալներով` Չինաստանի դեսպանատունը մարտի 19-ից կասեցրել է քաղաքացիների ընդունումը։ Անձնագրերը կվերադարձվեն ՀՀ քաղաքացիներին ապրիլից։

Նշենք, որ Հայաստանը մինչև մարտի 31-ը դադարեցրել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան։

Չինաստանի դեսպանատան հեռախոսահամարներն են` +374-10-560067 և +374-10-560663։