ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով` սա այդ երկրից Հայաստանին տրամադրված թեստերի արդեն երրորդ խմբաքանակն է։
«Առաջին անգամ 200 թեստ էր տրամադրվել, երկրորդ անգամ` 300, և այժմ արդեն` 1000։ Ընդհանուր առմամբ` ՌԴ–ից արդեն 1500 թեստ ենք ստացել»,– ասաց նա։
Նշենք, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որը ՌԴ–ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նման աջակցություն է ստանում։
Роспотребнадзор-ն այսօր հայտնել էր, որ Ռուսաստանում արտադրված ավելի քան 100 000 թեստ է ուղարկվել աշխարհի 13 պետություններ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները, Իրանը, Մոնղոլիան ու Չինաստանն արդեն ստացել են թեստերի` իրենց խմբաքանակները։ Իսկ Եգիպտոսում, Սերբիայում ու Վենեսուելայում այս պահին դեռ սպասում են իրենց ուղղված աջակցությանը։
Փաշինյանը վերադառնում է. երկրորդ թեստն էլ է բացասական
Роспотребнадзор–ի պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանում մշակված ու արտադրված բժշկական տեխնոլոգիաների շնորհիվ են հայտնաբերվել Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի տարածքներում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը։
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։
Մարտի 21-ի առավոտյան 10։00–ի տվյալներով Հայաստանում վարակի հաստատված դեպքերը 160–ն են։
Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար