Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը դարձյալ նույն օջախներից է վարակվել

Վարակի նոր 24 դեպքերից 21-ը կրկին փոխկապակցված են Էջմիածին քաղաքում տեղի ունեցած նշանադրության ու Երևանի ձեռնարկություններից մեկի աշխատակիցների շրջանում տարածված վարակի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

Երեկ` մարտի 20-ին հայտարարվել էր, որ հաստատված 136 դեպքից 112-ն են փոխկապակցված նույն երկու հիմնական օջախների հետ։ Ստացվում է, որ այս պահին հաստատված 160 դեպքից 27–ը կապ չունեն Էջմիածնի ու արտադրամասի հետ։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։

Կորոնավիրուսից «հիվանդացել» է նաև տնտեսությունը. ո՞ր ոլորտներն են տուժել ամենաշատը

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։