Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ․ նախարարը նոր մանրամասներ է հայտնել

Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների առողջական վիճակի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թոքաբորբ ունեցողներից միայն երեքին է անհրաժեշտ ինտենսիվ բուժում, ինչն էլ արվում է»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ այսուհետ բացի «Նորք» ինֆեկցիոնից, Հայաստանի 6 հիվանդանոցներում ևս կկազմակերպվի կորոնավիրուսով վարակվածների բուժումը։ Դրանցից երկուսը մարզային հիվանդանոցներ են։

Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ըստ Թորոսյանի՝ այդ հիվանդանոցներում բուժում կստանան այն պացիենտները, որոնք վարակված են կորոնավիրոսով, սակայն առողջության համար վտանգավոր ախտանշաններ չունեն, իսկ հիվանդները, որոնց անհրաժեշտ է համաճարակաբանական բուժում կշարունակեն մնալ «Նորք» ինֆեկցիոնում։

Կորոնավիրուսի վարակման 112 դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Թորոսյանը շեշտեց, որ ներկայումս ավելի քան 600 մարդ մեկուսացված է, սակայն պետությունը չի կարող անսահմանափակ թվով մարդկանց իզոլացնել։ Սա նշանակում է, որ մարդիկ էլ պետք է գիտակցաբար մոտենան իրավիճակին և ինքնամեկուսացվեն։

«Այս տեսանկյունից շատ եմ կարևորում այսօր Ազգային ժողովում քննարկված օրինագիծը, ըստ որի՝ մեկուսացման պահանջները խախտելու համար տույժ և քրեական պատասխանատվություն է սահմանված»,- ընդգծեց նախարարը։

Հիշեցնենք` մարտի 20–ի, ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է արձանագրվել։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարն անցել է 300 մլն դրամից

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։