Աշխատանքային փորձ` մագիստրատուրայի կրթության փոխարեն. թեժ քննարկում ԱԺ-ում

Երկու տարի սովորե՞լ, թե՞ տասը տարի աշխատել։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամները չեն վստահում մագիստրատուրայի կրթության որակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում բավական թեժ մթնոլորտում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանի ու Արթուր Դավթյանի հեղինակած` «Դատական օրենսգրքում փոփոխությունների» նախագիծը։

Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

Դատավորներին կընտրեն հոգեբանական թեստով

Դրանով հեղինակներն առաջարկում են դատավոր աշխատելու համար պարտադիր մագիստրատուրայի կրթության պահանջը փոխարինել 15 տարվա աշխատանքային ստաժով, ինչը, հեղինակների համոզմամբ, շատ ավելի լուրջ հմտություններով կապահովի ապագա դատավորներին, քան մագիստրատուրայի կրթության 2 տարին։

Նիստին որպես հարակից զեկուցող ներկա արդարադատության փոխնախարար Վահե Դավթյանն այս փոփոխությունն անընդունելի որակեց։

«Անընդունելի է, որ ապագա դատավորը մագիստրատուրա ավարտած չլինի։ Լավ դատական համակարգ ունենալու համար պետք է ոչ թե նվազեցնել պահանջվող չափանիշները, այլ ավելացնել»,- ասաց փոխնախարարը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Գևորգ Դանիելյանը համաձայնեց գործընկերների առաջարկին՝ նշելով, որ ոչ մի կրթություն չի կարող փոխարինել աշխատանքային փորձին։ Առավել ևս, եթե այդ կրթությունը, մեղմ ասած՝ պատշաճ որակի չի։

«Եթե մարդը բազային կրթությունն անհրաժեշտ որակով չի ստացել, իրեն մագիստրատուրայի դիպլոմն այնքան է պետք, որքան ինձ` Չինաստանի ուղեգիրը»,- ասաց նա։

Նախագիծը ողջունեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հայտնելով, որ իր փաստաբանական աշխատանքի ընթացքում բազմիցս համոզվել է, որ դատական համակարգում աշխատանքային փորձ չունեցող, անգամ փայլուն կրթություն ստացած դատավորները դժվարություններ են ունենում դատավորի աշխատանքի անցնելու սկզբնական փուլում։

Դատավորները քիչ են, դատարանները` գերծանրաբեռնված. Թաթոյանը` ՀՀ դատական համակարգի մասին

Սա ձեր հեղափոխության ատրիբուտն է. Մանուկյանը կոչ է անում «պլստալու» առիթ չտալ դատավորներին

Իսկ «Լուսավոր Հայստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ փաստաբան Տարոն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ այս կարգավորմամբ իրենք, ըստ էության, բացասական ուղերձ կհղեն կրթական համակարգին։

«Ես հասկանում եմ, որ կրթական համակարգի այսօրվա իրողությունից ելնելով` մագիստրատուրան իսկապես չի ապահովում անհրաժեշտ կրթական մակարդակը։ Բայց դա ոչ թե պատճառ է, որ մենք հրաժարվենք դրանից, այլ հակառակը՝ պետք է փորձենք այն բարձրացնել անհրաժեշտ մակարդակի։ Ինչպես ասում են՝ շան գլուխն այստեղ է թաղված»,- ասաց նա։

Երկարատև ու բուռն քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացությու տվեց նախագծին, բայց մինչ այդ մի փոփոխություն կատարելով դրանում՝ նախագծով առաջարկվող 15 տարվա աշխատանքային փորձը դարձնելով  10 տարի։

Նշենք, որ ներկայում գործող Դատական օրենսգրքով նախատեսվում է, որ դատավոր կարող է աշխատել 25 տարեկան, բարձրագույն մագիստրոսական կրթությամբ և 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձը։

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել