Գագիկ Սուրենյանը խոստանում է` տաք օդի ևս մի ալիք է գալիս Հայաստան

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը վստահեցնում է, որ օդի ջերմաստիճանը էլի կբարձրանա։ Նրա ներկայացրած կանխատեսումը մարդկանց հիշեցրել է կորոնավիրուսի թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Մարտի 23-24-ին Հայաստան կգա տաք օդի ևս մեկ ալիք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ինչպես միշտ, նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները, որոնցից շատերը կապված են կորոնավիրուսի հետ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության արդյունքում։

Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ փորձարկել

«Մի քիչ էլ ավելացրու էլի, եղբայր, վերջը էս վիրուսի հարցերը դու ես լուծելու», «ու մենք էտ գյոզալ եղանակներին կինքնամեկուսանանք տներում»,–գրել են նրանք։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136–ի։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Թևան Պողոսյանն ու կինը ինքնամեկուսացել և պարում են. «շախի գցող» տեսանյութ

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։