ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը

ԱԺ–ն միաձայն կողմ քվեարկեց օրինագծին, ըստ որի` արտակարգ դրության ռեժիմը խախտողները վարչական կամ քրեական պատասխանատվության կենթարկվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն ընդունեց ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Օրինագծին կողմ քվեարկեց 102 պատգամավոր։

Կորոնավիրուսով պայմանավորված խստացումներ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել

Ազգային ժողովն արտահերթ նիստը կշարունակի մարտի 23—ին՝ ժամը 11։00–ին։

Ըստ այդմ` արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտողը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով։ Իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մի խումբ անձանց հիվանդության պատճառ, կպատժվի ազատազրկմամբ՝ 3 ամիս կամ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Իսկ վիրուսի նոր դեպքերի, վարակված անձանց մասին, ինչպես նաև խուճապ առաջացնող տեղեկություններ տարածելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 50-300-ապատիկի չափով։

Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով: Իսկ արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն ևս առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով: Իսկ ահա արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելու, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Մարտի 20–ի, ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 136 քաղաքացի։