ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ծագած վիճաբանության հետևանքով մեկ երիտասարդ մահացել է, ևս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտնում է` մարտի 18-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժինը Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացել, որ ամբուլատոր կենտրոն են տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։ Ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22.10-ի սահմանում, ոստիկանության Տավուշի բաժինը մեկ այլ ահազանգ է ստացել «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։
Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ երիտասարդների վեճի պատճառը կենցաղային է եղել։ Միջադեպի մասնակիցներից մեկը՝ Արծվաբերդի 26-ամյա բնակիչը, դանակով հարվածներ է հասցրել վիճաբանության «մյուս կողմին»։ Վիրավորներից մեկը մահացել է, մյուսները ստացել են տարբեր վնասվածքներ։
Տավուշի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին։ 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել, նա ձերբակալված է։ Աշխատանքներ են կատարվում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։
Ողբերգական դեպք Գյումրիում. հայրը 15-ամյա որդուն կախված է հայտնաբերել