ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. 4.5-ամյա Անգելինան, որը մարտի 9-ի գիշերը բարդ վիրահատության էր ենթարկվել Երևանում, մահացել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Նորք–Մարաշ ԲԿ–ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ելենա Սիմոնյանցը։
«Երեխան մահացել է այսօր առավոտյան»,–ասաց նա։
Նշենք, որ Անգելինայի մարմնում արհեստական ձախ փորոք էին տեղադրել. նման վիրահատություն տարածաշրջանում առաջին անգամ էր կատարվել։ Աղջնակի վիրահատությունը տևել էր 7-8 ժամ։ Այն 100 000 դոլար արժեր, և այդ գումարը հանգանակությամբ էր հավաքվել:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից։
Հիշեցնենք, որ ԲԿ–ի մանկական բաժանմունքի վարիչ Հովհաննես Զոհրաբյանը հայտնել է` երեխայի մոտ նման վիճակ է ստեղծվել, քանի որ վիրուսների պատճառով սրտամկանի բորբոքում է տեղի ունեցել։ Տարիների ընթացքում սրտամկանը սկսել է վատ աշխատել, և երեխայի վիճակը հետզհետե վատացել է։
Գյումրիում ծեծված աղջիկը բառեր է ասել. ովքեր են հետաքրքրվում նրանով
Անգելինայի վիճակը վիրահատությունից հետո էլ շարունակում էր ծայրահեղ ծանր մնալ, քանի որ մինչ վիրահատությունը երեխան սրտի կանգ էր ունեցել։ Բժիշկներն ասում էին` այն վերականգնելու ժամանակ էլ վնասվել են երեխայի թոքերը։