Վերջերս արտասահմանյան մի շարք երկրներում անցկացրած հարցման մասին կարդացի՝ մարդկանց 97 տոկոսը խոստովանել է, որ ինքնահոսի է թողել իր կյանքը՝ այսինչ բանը կստացվի՝ շատ լավ, չի ստացվի՝ ինչպես ասում են՝ Let it be. թող այդպես լինի:
Բայց, այնուամենայնիվ, 3 տոկոսը ծրագրում է իր կյանքը, շատ հստակ նպատակներ է դնում իր առջև և նպատակասլաց կերպով գնում դրանց կենսագործման ճանապարհով: Եվ ստացվում է, որ 3 տոկոսը հասնում է իր բոլոր նպատակներին, իսկ մենք՝ 97 տոկոսս, չցանկանալով ծրագրել մեր կյանքը, հետո նստում ենք գարեջրատներում, հաճույքով հայհոյում ենք այդ 3 տոկոսին ու բողոքում մեր դառը ճակատագրից՝ թե ինչու մեզ մոտ ոչինչ չստացվեց: Է, ծրագրեինք:
Բայց դեռ ուշ չէ: Եկեք փորձենք բարելավել մեր կյանքը: Պարզապես կարելի է շատ փոքր, աննշան քայլեր կատարել, ու կյանքը կբարելավվի գոնե մեկ տոկոսով: Ամերիկացի մասնագետ Թոմ Օնիլի գիրքը հենց այդպես էլ կոչվում է՝ «Մեկ տոկոսի սկզբունքը»: Բազմաթիվ խորհուրդներ կան այնտեղ, որոնց հետևելով՝ դուք կարող եք գոնե մի փոքր բարելավել, փոխել ձեր կյանքը:
Օրինակ: Խոստովանեք՝ երբ եք վերջին անգամ գիրք կարդացել: Վերցրեք մի գիրք ու հենց այսօր սկսեք ընթերցել: Ծանր գիրք մի վերցրեք, որտեղ, ինչպես ասում են, աղջիկը վերջում մեռնում է: Մանավանդ, որ Դոստոևսկու «Ոճիր և պատիժը» կամ Տոլստոյի «Աննա Կարենինան» հաստատ շատ վաղուց կարդացել եք: Վերցրեք մի այնպիսի գիրք, որը լավ զգացմունքներ առաջացնի, լավատեսական տրամադրություն ստեղծի, հավատ ներշնչի ապագայի նկատմամբ: Ես կառաջարկեի, օրինակ, թեկուզ մեր վարչապետի գրած գիրքը։
Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը
Եվս մի խորհուրդ Թոմ Օնիլից: Մի փոքր լավություն արեք որևէ մեկին: Օրինակ՝ նվիրեք ինչ-որ մեկին մի բան, որը ձեր տանը տարիներով դրված է, ձեզ բոլորովին պետք չէ, չեք էլ օգտագործում, իսկ, ասենք, ձեր հարևանին, բարեկամին, գործընկերոջը ուրախություն կպատճառեր: Ասենք, մի քանի տարի առաջ գնացել եք միջազգային կոնֆերանսի: Նման միջոցառումների ժամանակ սովորաբար բոլոր մասնակիցներին բաժանում են այդ գիտաժողովի լոգոյով որակյալ պայուսակ՝ մեջն էլ շատ գեղեցիկ գրիչ ու նոթատետր: Հաստատ բերել եք այդ պայուսակը, դրել պահարանում ու իսպառ մոռացել դրա մասին: Ձեզ այն բոլորովին պետք չէ, իսկ ձեր հարևան Օնիկը մեծագույն հաճույքով կկրի այդ պայուսակը, հպարտությամբ ցույց տալով բոլորին, որ մասնակցել է Վիեննայում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր ցողունային բջիջների վերապատվաստման արդի տեխնոլոգիաներին:
Հաջորդ խորհուրդը: Փորձեք հենց հիմա՝ օրվա վերջում, վերհիշել և գրի առնել մի լավ դրվագ, որը պատահել է ձեզ հետ օրվա ընթացքում: Օրինակ՝ աշխատանքից տուն էի վերադառնում երթուղայինով: Փոքր հրաշք էր կատարվում: Հենց որ ուղեորը վարորդին ասում էր «պահեք այս կանգառում», նա սիրալիր պատասխանում էր՝ «շատ բարի»: Երբ փողը վերցնում էր հերթական ուղևորից, ամեն անգամ ասում էր «շնորհակալություն, հաջողություն եմ մաղթում ձեզ»: Դուք հիմա թերահավատորեն եք վերաբերվում իմ պատմածին: Իսկ այ ես հիմա պատմում եմ ձեզ այդ բարեհամբույր վարորդի մասին ու ինձ լավ եմ զգում: Մի տոկոսով ավելի լավ:
Եվ թերևս ամենադժվար խորհուրդը: Փորձեք փող կուտակել: Շատ չէ: Օրական ընդամենը 200 դրամ մի կողմ դրեք: Մի խաչապուրիի գին: Ու ամսվա վերջում կունենաք փոքրիկ ուրախություն՝ 6 հազար դրամ: Համաձայնեք՝ կարելի է համեստ քեֆ անել՝ «Մարգարիտա» պիցցայով ու գարեջրով:
Վերջում էլ սուրճ:
Խաբված ավանդատուներն ու ֆինանսական բուրգերը. ի՞նչն է մարդկանց ստիպում հավատալ խաբեբաներին
Շատ կուզեի մի քանի խորհուրդ էլ մեջբերել Թոմ Օնիլի գրքից, բայց ափսոս, հաղորդմանս ժամանակը սպառվեց: Ոչինչ, խոստանում եմ առաջիկայում, երբ առիթ լինի, անպայման ավելի մանրամասն ներկայացնել այդ բազմաթիվ խորհուրդները: Առայժմ այսքանով բավարարվեք և փորձեք հետևել առնվազն այս խորհուրդներին: Պատգամավոր ու նախարար, իհարկե, չեք դառնա, բայց, այնուամենայնիվ, միգուցե ձեր կյանքը կփոխվի դեպի լավը: Գոնե մեկ տոկոսով: Համաձայնեք՝ ներկա պայմաններում դա էլ մեծ բան է: