Արցախում փակել են Բակո Սահակյանի ճանապարհը. տեսանյութ

Արցախում նախընտրական կրքերը թեժանում են. նախագահի ճանապարհը փակելու համար 13 անձ է բերման ենթարկվել։
Sputnik

Արցախի Հեղափոխական կուսակցության անդամներն ու նրանց կողմնակիցները մարտի 18-ին Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցում փակել են նախագահ Բակո Սահակյանի ճանապարհը՝ խոչընդոտելով նրա մուտքը նախագահական նստավայր։ Ակցիայի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության`ճանապարհը բացելու պահանջը։ Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն ուժ է կիրառել, տեղի է ունեցել բախում, 13 անձ բերման է ենթարկվել։

Բեգլարյան. «Քարոզարշավի ժամանակ սոցցանցերում առկա է ատելության խոսք»

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։

Արցախի Հանրապետության ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կատարվածի առնչությամբ հարուցվել է վարչական վարույթ։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անմիջապես տեսակցել է բերման ենթարկվածների հետ։ Ընդհանուր առմամբ մոտ երեք ժամում նրանց բոլորին ազատ են արձակել։

Բեգլարյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ օմբուդսմենի աշխատակազմը կատարում է մանրամասն ուսումնասիրություն՝ կատարվածի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար։ Նա նաև անդրադարձել է բժշկական օգնության համար դիմած քաղաքացու առողջական վիճակին։

«Ավելի ուշ հեռախոսազրույց եմ ունեցել առողջապահության նախարարի հետ։ Նա տեղեկացրել է, որ վարչական ձերբակալման ենթարկելու ընթացքում հիվանդանոց տեղափոխված քաղաքացին անցել է ռենտգենային հետազոտություն, և ոչ մի մեխանիկական վնասվածք չի արձանագրվել: Ըստ հետազոտող բժշկի՝ քաղաքացին գրավոր կերպով հրաժարվել է լրացուցիչ հետազոտություններից և լքել հիվանդանոցը»,- Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն Արցախի նախագահի ընտրություններում սատարում է թեկնածու Արայիկ Հարությունյանին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ փողոցը դիտավորյալ է փակվել։ Նրա խոսքով` որ դա բողոքի ակցիա էր ընդդեմ գործող իշխանության, որի թեթև ձեռքով արհեստական խոչընդոտներ են ստեղծվում կուսակցության քարոզարշավի համար։ Օսիպյանի կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ իրենց կուսակցությունը մեծ աջակցություն է վայելում քաղաքացիների կողմից։

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դեպքի առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 140-րդ հոդվածով բերման ենթարկված 13 անձինք կարող են պատասխանատվության ենթարկվել փողոցը փակելու համար, ինչը խոչընդոտներ է ստեղծել ճանապարհային երթևեկության համար։

Արցախի ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներ կատարելուց, որոնք անհամաչափորեն սահմանափակում են նաև այլոց իրավունքները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ, իսկ կարգազանցները կենթարկվեն պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31–ին։ 

Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել։