«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մարդ է մահացել, բայց նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Պացիենտը հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ, կորոնավիրուսի հետազոտության արդյունքը բացասական է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում պացիենտ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել «թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն» ախտորոշմամբ պացիենտ, որի մոտ կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Նիկողոսյանը նշել է, որ կատարվել է նմուշառում, հետազոտության արդյունքը եղել է բացասական: Միաժամանակ իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց, ցավոք, նրա կյանքը չի հաջողվել փրկել:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 18–ի դրությամբ հասել է 84–ի։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում