Ինչպես կարող են կանայք բարելավել իրենց կյանքը

Եկեք անկեղծ լինենք: Մեզ՝ հայաստանցի տղամարդկանց, հաճախ մեղադրում են, որ կանանց միամսյակ ենք հռչակել, բայց իրականում մարտի 8-ից հետո մեր սիրելի կանանց իսպառ մոռանում ենք:
Sputnik
Ինչպես կարող են կանայք բարելավել իրենց կյանքը

Այդ թյուր, անարդարացի և իրականությանը բացարձակապես չհամապատասխանող կարծիքը հերքելու համար որոշել եմ այս միամսյակի ընթացքում տասն օրը մեկ անդրադառնալ կանանց թեմային: Այսօր հենց 10 օր է անցել մարտի 8-ից, և ուրեմն թույլ տվեք խոսել այն մասին, թե ինչպես կանայք կարող են բարելավել իրենց կյանքը:

Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը

Խոսքը ֆինանսական վիճակի բարելավման մասին չէ՝ ֆինանսական հարցերով դիմեք ֆինանսների նախարարությանը: Կամ ավելի հեշտ եղանակ կա՝ պարզապես ամուսնացեք մեծահարուստի հետ: Խոսքը հոգեբանորեն ձեր կյանքը բարելավելու մասին է: Բրիտանացի երկու մասնագետ կա՝ Բեք Հովարդ ևԴենի Լու Քեր, որոնք կանանց համար կազմել են ուղեցույց: Եվ այդ ուղեցույցը հրապարակել է մի կազմակերպություն, որը կոչվում է «Good witches of the North», այսինքն՝ «Հյուսիսի բարի վհուկները»:

Շվեդիայի վարչապետի սպանությունն իր վրա է վերցրել 130 մարդ

Այս բարի վհուկները կանանց առաջարկում են հենց կանանց միամսյակ՝ այսինքն երևի ըստ մարտի օրերի քանակի՝ 31 քայլ անել կյանքի բարելավման ուղղությամբ: Շատ ճիշտ եք. մարտի կեսից ավելին արդեն անցել է: Թույլ տվեք, ուրեմն, ներկայացնել բարի վհուկների 31 խորհուրդներից ընդամենը մի քանիսը:

Սկսենք առավոտից:

Ժողովուրդն ասում է՝ թարս ոտքից կամ թարս ոտքով եմ վեր կացել անկողնուց: Ոչ էլ վեր կացեք: Հինգ րոպե շարունակեք մնալ անկողնում և մտածեք, թե այդ նոր օրվա ընթացքում ինչ լավ բան կարող է պատահել: Օրինակ՝ ձեր բարեկամը, որին երեք տարի առաջ 500 դոլար էիք պարտքով տվել, այսօր վերջապես կվերադարձնի այդ պարտքը։ 

Երկրորդ:

Ձեր պրոբլեմները ձեզ վրա ֆիզիկապես են ազդում: Դուք չեք նկատում, իսկ մարդիկ նկատում են: Երբ դուք ձեր պրոբլեմների մեջ եք խորասուզված, դուք փողոցով գնում եք ու ձեր հայացքն անընդհատ գետնին է ուղղված, սենյակով այս ու այն կողմ եք քայլում, էլի ձեր հայացքը հատակին է: Ձեր պրոբլեմները ձեզ ներքև են ձգում: Թույլ մի՛ տվեք: Նայեք ուղիղ առաջ:

Երրորդ:

Կոնկրետացրեք ձեր երազանքները: Այսինքն՝ հասկանալի է, որ ուզում եք ամերիկյան հայտնի հեռուստասերիալում գլխավոր դերը խաղալ ու Օսկարի արժանանալ, բայց բրիտանացի բարի վհուկները շատ ավելի պարզ բան են առաջարկում: Փորձեք: Հենց հիմա վերցրեք մի սպիտակ թուղթ, մատիտով կամ գրիչով մեջտեղից մի գիծ քաշեք: Աջ կողմում նկարեք այն վայրը, որտեղ հիմա եք: Ասենք՝ Երևանի 16-րդ թաղամասի ձեր բնակարանը, որից, բնականաբար, շատ դժգոհ եք, որովհետև ես էլ եմ 10 տարի այնտեղ ապրել ու մեկ մեկ ցանկություն էր առաջանում՝ պարզապես հաշվեհարդար տեսնել այդ 16-հարկանի շենքերի ճարտարապետի հետ։ Բայց լավ. դա կապ չունի: Այս իրողությունը՝ այսօրվա ձեր իրողությունը, նկարում եք թղթի աջ կողմում: Իսկ ձախ կողմում սկսում եք նկարել այն վայրը, որտեղ ԿՑԱՆԿԱՆԱՅԻՔ ապրել: Այսինքն՝ ձեր երազած վայրը: Ասենք՝ Վահագնի թաղամասը Աշտարակի ճանապարհին:

Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները

Խաբված ավանդատուներն ու ֆինանսական բուրգերը. ի՞նչն է մարդկանց ստիպում հավատալ խաբեբաներին

Գիտեմ, որ հիմա կանանցից շատերն արդարացիորեն վրդովված մտածում են՝ բայց ինչպե՞ս կարելի է մեր երազանքները սահմանափակել Աշտարակի ճանապարհով: Լոնդոն, Փարիզ, Նիցցա, Մայամի բիչ, լավ, գոնե Բադեն-Բադեն: Բայց բրիտանացի այդ բարի վհուկները, իմ կարծիքով, շատ ճիշտ խորհուրդ են տալիս:

Կենտրոնացեք ՀՆԱՐԱՎՈՐԻ վրա:

Նպատակ դրեք՝ ուզում եմ ապրել Հյուսիսային պողոտայում: Իսկ դրա համար պետք է ընդամենը մի փոքր բան՝ փող: Է՛, խնայեք։ Հենց այսօրվանից որոշեք՝ ինչո՞ւ եք չիպս ու հանքային ջուր գնում: Ինչո՞ւ եք դրա վրա փող ծախսում, եթե, օրինակ, 50-գրամանոց մի տուփ չիպսի փոխարեն կարելի է մի երկու կիլոգրամ շատ լավ՝ որակով կարտոֆիլ գնել: Իսկ հանքային ջրից ընդհանրապես կարելի է հրաժարվել, մանավանդ՝ եթե ապրում ես Դիլիջանում, որի ծորակի ջուրը, ինչպես հայտնի է, միայն Սան Ֆրանցիսկոյին է զիջում: 

Ու ընդամենը ևս մի խորհուրդ: Կանա՛յք, գնահատե՛ք այն, ինչ ունեք: Երբեք մի՛ մտածեք այն մասին, ինչ չունեք։ Բայց ամենակարևորը՝ քիչ բողոքեք: Ասում եմ ու հասկանում, որ բրիտանացի բարի վհուկների այս վերջին խորհրդին հետևելը գրեթե անհնար է։ 

«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան