Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 64-ի

Կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը՝ արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Հանրագումարով այս պահին ունենք հաստատված 64 դեպք, վարակվածներից 1-ն առողջացել է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), հաճախակի լվանալ ձեռքերը առնվազն 20 վայրկյան տևողությամբ (հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո), գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմել բժշկի:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 182 հազարը. մարտի 17–ի տվյալներ

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Գարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում երեկվանից արտակարգ դրություն է հայտարարվել։

Ի՞նչ են պատմում Հայաստանում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները