էջմիածնեցի տիկնոջ հարազատները ծեծել են հումորային տեսանյութի հեղինակին. մանրամասներ

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Facebook-ի օգտատեր Սերգեյ Սարգսյանին, որն իր էջում մարտի 15–ին հումորային տեսանյութ էր տեղադրել և որում շնորհակալություն էր հայտնել էջմիածնեցի տիկնոջը, որ «կարողացել է» լուծել Երևանի խցանումների հարցը, ծեծել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց ինքը` Սերգեյ Սարգսյանը։

Մարտի 11-ին Իտալիայից Հայաստան ժամանած Էջմիածնի բնակչուհին, որը վարակված էր կորոնավիրուսով, Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո նշանադրությանը մասնակցած մարդկանց մի մասը վարակվեցին կորոնավիրուսով։

Ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

Տեսանյութը հրապարակելուց չորս ժամ անց, երբ Սերգեյը գտնվել է իր աշխատավայրի` Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են նրան, հարցրել են` արդյո՞ք նա է այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության հարձակվել են նրա վրա, գցել գետնին և ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել:

Միջադեպի ականատես Սերգեյի կինը և խանութի անձնակազմը փորձել են կանխել հարձակումը, սակայն նրանք նույնպես ենթարկվել են ագրեսիվ հարձակման: Մոտ մեկ րոպե տևողությամբ հարձակումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:

Արտակարգ, ինչպես երբեք․ ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

«Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետհամարանիշը, անմիջապես զանգել եմ ՀՀ ոստիկանության կենտրոնի բաժին և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են»,–ասաց Սերգեյը:

Ահազանգի հետքերով. Արմավիրի մարզում կաթնամթերքի արտադրություն է կասեցվել

Նշենք, որ դեպքը տեսանկարահանվել է մոտակայքում առկա տեսախցիկների միջոցով։ Տեսանյութը փոխանցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին։

Sputnik Արմենիան զրուցել է նաև ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը հաստատել է կատարվածը։

«Նշված քաղաքացուց ահազանգ ենք ստացել, որ անհայտ անձինք նրան և մեկ այլ քաղաքացու ծեծի են ենթարկել։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է ծեծի ենթարկողներից մեկի ինքնությունը։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ մնացած երկու անձանց բացահայտելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում»,–ասաց նա։

Մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի ախտորոշման 5000 թեստ կունենանք. փոխնախարար

Հավելենք, որ կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը սոցցանցում լայն տարածում էր գտել։ Այն դիտվել էր ավելի քան 600.000 անգամ, մեկնաբանել էին ավելի քան 1100 օգտատեր և տարածել ավելի քան 10.000–ը։