ԱԱԾ–ն խոշոր չարաշահում է բացահայտել. Գագիկ Խաչատրյանի ենթակային մեղադրանք է առաջադրվել

Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան ցուցում է տվել մաքսային տեսուչին անտեսել «հովանավորվող» ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի-Sputnik. Պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ նախկին պաշտոնյայի։ ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնի հաղորդմամբ՝  2014-2015 թթ. ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության առանցքային վարչություններից մեկի պետը՝  ՀՀ ֆինանսների նախարարի ազգականների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել։

Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ

Մասնավորաբար, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձին՝ մաքսային տեսուչին, 2015 թ. ցուցում է տվել անտեսել «կարմիր ուղի» ընթացակարգով ՀՀ ներկրված՝ հովանավորվող ընկերության բեռները զննելու պարտադիր պայմանը։

Օգտվելով այդ ցուցումի արդյունքում տեսուչի ցուցաբերած անգործությունից՝ հիշյալ տնտեսվարող ընկերության ներկայացուցիչները Իսպանիայի Թագավորությունից և Իտալիայի Հանրապետությունից պարբերաբար Հայաստան տեղափոխված նշված երկրների արտադրության կերամիկական երեսպատման սալիկները հայտարարագրել են որպես շինարարական գիպս՝ փաստորեն այդպիսով նվազեցնելով մաքսային արժեքը։ Ապրանքների մաքսազերծման ու հարկման համար հիմք հանդիսացող կեղծ հաշիվ-ապրանքագրերի ու դրանց տվյալներով հարկային մարմիններ ներկայացված հաշվարկների օգտագործմամբ նրանք մաքսազերծել և իրացրել են ՀՀ ներմուծված թանկարժեք շինանյութը։

ԱԱԾ–ն դուրս է եկել «օրենքով գողերի» դեմ․ պատվիրել էին սպանել «Բոդոլին». «Ժողովուրդ»

«Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետևանքով կոպիտ կերպով խախտվել են նշված բնագավառում իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության պահանջները, խաթարվել է ապրանքաշրջանառության հանդեպ հսկողության և հարկահավաքության բնագավառում պետական մարմնի բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել է պետական մարմինը, անհավասար վիճակում են հայտնվել նույնանման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտները և բարենպաստ պայմաններ են ստեղծվել հանցագործություն կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել  է նյութական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Ովքեր կղեկավարեն ԱԱԾ-ն և ոստիկանությունը. Փաշինյանը գտե՞լ է հարմար թեկնածուների

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարության հիշյալ նախկին պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Ինչպես հաղորդվում է, տվյալ պաշտոնյան դեռևս 2018 թ. սեպտեմբերին լքել է ՀՀ տարածքը։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: