ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհում տուրիստական հոսքերը կնվազեն և ընդհանուր համաշխարհային տնտեսության անկման գործում այդ հանգամանքը կունենա էական ազդեցություն։
«Մեր երկրի պարագայում տուրիստական ոլորտը նույնպես էականորեն կտուժի։ Անկախ նրանից, թե երբ կդադարի վիրուսի տարածումը և երբ այդ վարակից կվերականգնվի միջազգային հանրությունը, ամեն դեպքում այս տարվա պլանները շատերը կչեղարկեն ու զերծ կմնան տեղաշարժվելուց, ինչը ենթադրում է ավելի քիչ հարկային մուտքեր պետբյուջե, աշխատատեղերի կրճատում»,– նշեց նա։
Պետական մարմինների աշխատակիցների մի մասը կաշխատի տնից
Խաչատրյանը հնչեցնում է մի փաստ, ըստ որի` 2020թ–ին մենք համաշխարհային տնտեսության առումով չենք ունենալու նույն տնտեսական աճը, ինչպես որ նախորդ տարում էր։ Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարվա ամփոփ տվյալները հրապարակեց` ակնկալելով դրական սպասելիքներ, սակայն այս վերջին քսանօրյա վերադասավորումների արդյունքում փորձագիտական գնահատականներով առնվազն կես տոկոսով աճը նվազելու է և այս պահի դրությամբ համաշխարհային տնտեսության համար լավագույն կանխատեսումը 2,8 տոկոս տնտեսական աճն է։
Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել
Ըստ Խաչատրյանի` հարցն այն է, թե որքանով բժշկությունն ու առողջապահական համակարգը հնարավորինս արագ կկարողանան կանխարգելել կորոնավիրուսի տարածումը։ Դրանից է կախված, թե մենք ի վերջո նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամ կունենանք, թե ոչ։