ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Եթե հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումները զանգվածային բնույթ կրեն, պետությունը կարող է միջամտել։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտնեց Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը։
Նշենք, որ Երևանում երեկ մի շարք ռեստորաններ և սրճարաններ են փակվել։ Այս ընթացքում դրանց աշխատակիցները կարող են հեռացվել` առանց աշխատավարձի պահպանման։ Հարցին, թե ում կարող են նրանք դիմել, փոխնախարարը պատասխանեց՝ նախ պետք է իրավաբանի օգնությանը ապավինել։
«Այդ խնդիրներն պայմանավորված են մի շարք գործոններով, դրա համար աշխատանքային իրավունքների խախտման դեպքում նախևառաջ պետք է իրավաբանի դիմել։ Իսկ եթե մենք տեսնենք, որ նման խախտումները զանգվածային բնույթ են կրում, համապատասխան միջոցներ կձեռնարկենք»,- ասաց նա։
Ռեստորանների և սրճարանների աշխատանքը դեռևս արգելված չէ։ Դրա համար պետք է արտակարգ դրության պարետի (փոխվարչապետ Տիգրան Ավինյան) հատուկ որոշում լինի` կոնկրետ բնակավայրի մասով։ Ոչ մի քաղաքի, այդ թվում՝ Երևանի համար առայժմ նման կարգադրություն չկա։
Այսպիսով գործատուն չի կարող հայտարարել, որ աշխատակիցներին ստիպված է աշխատանքից հեռացրել, ֆորս մաժորային իրավիճակի պատճառով։ Առայժմ միայն 20 հոգուց ավել անձանց մասնակցությամբ զանգվածային միջոցառումների համար է սահմանափակում գործում, այդ թվում՝ նաև ռեստորաններում։
Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել
Միևնույն ժամանակ, հասարակական սննդի օբյեկտների սեփականատերերից շատերն իրենց աշխատակիցներին չեն ձևակերպում, այդ պատճառով նրանց աշխատանքային իրավունքներն այդքան էլ պաշտպանված չեն։ Նման աշխատակիցները որևէ սոցիալական երաշխիք չունեն։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Այն պայմանավորված է երկրում կորոնավիրուսի տարածման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությամբ։ Ներկա պահին Հայաստանում 72 վարակի դեպք է հայտնաբերվել։