Հոգեբան Կարինե Նալչաջյանի համոզմամբ` կառավարության որոշումը թեև ուշացած, բայց շատ ճիշտ քայլ էր, որովհետև հանգամանքներն այնպիսին են, որ նման քայլի դիմելու անհրաժեշտություն կար։
«Բոլորս գիտենք, թե ինչպիսի անլուրջ, թեթև վերաբերմունք կար մինչև վերջերս այն աղետի նկատմամբ, որն արդեն համակել է ամբողջ աշխարհը։ Հույս ունեմ, որ արտակարգ իրավիճակի գծվող սահմանագծով մեր կյանքի ոճը կփոխվի, մարդիկ ավելի սթափ կնայեն այն ամենին, ինչը կատարվում է իրենց շուրջը։ Այսինքն` գալիս է ավելի սթափ մոտեցումների ժամանակը, և մնում է հուսալ, որ օրենքից բխող և իրականացվելիք միջոցառումները կլինեն մտածված, ճշգրիտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նալչաջյանը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ որոշումից բխող բոլոր միջոցառումներն արվեն մեր հասարակության յուրաքանչյուր անդամի նկատմամբ ցուցաբերվող հոգատարությամբ, հարգալից միջոցներով, որովհետև, ըստ նրա, վերջին շրջանում եղան շատ վայրիվերումներ, հայհոյանքի, ատելության մթնոլորտը, սևերի ու սպիտակների բաժանումը, բարիկադների առկայությունը «թույնով» լցրեցին հոգեբանական այն տիրույթը, որում մենք ապրում ենք։
Առողջապահության նախարարությունը հայտարարում է կամավորների ընդունելություն
«Հուսանք, որ կգործի «չկա չարիք առանց բարիք» սկզբունքը, և կվերագտնենք մեր «մենքի» զգացողությունը։ Երբ բախվում ես շատ լուրջ վտանգի, հիվանդությունը չի հարցնում`սև ես, սպիտակ ես, քաղաքական ինչ հայացքներ ունես, բարեկիրթ ես, թե հայհոյախոս, դա սպառնում է բոլորին»,– նշեց հոգեբանը։
Հոգեբանը համոզված է, որ մենք ավելի կլրջանանք և փորձությունից դուրս կգանք ժողովրդի միասնական զգացումով։ Նա հուսով է, որ մարդկանց մեջ կարթնանա կողքինի նկատմամբ հոգատար լինելու զգացումը և չեն թիրախավորի նրանց, որոնց արդեն պատուհասել է հիվանդությունը։
Ըստ հոգեբանի` արտակարգ իրավիճակը հասարակության բոլոր շերտերին տանելու է սթափության ընդհանուր տիրույթ։
Հիշեցնենք` այսօր կառավարությունը միաձայն ընդունեց ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշումը, ըստ որի` այն կգործի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։ Կառավարության որոշումն այս պահին քննարկում են ԱԺ-ում։
Խանութներում ապրանք կա, դիմակների թիվն էլ 1 միլիոնի է հասնում. ՏՄՊՊՀ հայտարարությունը