Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Սողոմոն Թեհլերյանը չէր հիշում, թե որքան ժամանակ է պառկել դիակների մեջ` գիշերն արթնանալով կիսազառանցական վիճակից։ Սեփական ընտանիքին ոչնչացրել են իր աչքի առաջ, բայց նրան հաջողվել է դուրս գալ այն վայրից, որտեղ ենիչերները կոտորել են հայերին. նա Կոստանդնուպոլիսում ապրել է մոտ հինգ տարի, իսկ հետո մեկնել է ԱՄՆ։
Բառացիորեն մեկ տարի հետո Թեհլերյանը հայտնվել է Եվրոպայում։ Դեռ 1919թ–ին հասկանալի է դարձել, որ չնայած Առաջին աշխարհամարտը հաղթած երկրների ճնշման տակ Թուրքիան իբր մահապատժի է ենթարկել «մսագործներին», որոնք կազմակերպել էին Ցեղասպանությունը, բայց նրանք խուսափել են պատժից։ Գերմանական սուզանավն այդ ոհմակին տեղափոխել է Օդեսա, հետո էլ Գերմանիա, որտեղից նրանք ցրվել են տարբեր տեղեր։
«Նեմեսիս» անունով գործողությունը, դատելով ամեն ինչից, երկար չի մշակվել։ Ի վերջո, խնդիրը մեկն էր` ոչնչացնել անպատիժ մարդասպաններին, իսկ դատավճիռ իրագործող կամավորների պակաս, իհարկե, չկար։ Նրանցից մեկը Սողոմոն Թեհլերյանն էր։
Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթին երկար են որոնել, նա ուրիշ անվան տակ է ապրել։ Ի դեպ, ո՛չ նա, ոչ՛ օսմանների նախկին պաշտոնյաները Գերմանիայում հայտնելուց հետո մեծ ջանքեր չեն գործադրել թաքնվելու համար, բարեկեցիկ պայմաններում են ապրել, մեկը ծխախոտ է վաճառել, մյուսը` գորգ…
Բացի այդ, պետք էր 100 տոկոսով համոզվել, որ դա հենց Թալեաթն է, որպեսզի չսպանեին անմեղ մարդու։ Դրա վրա երկար ժամանակ է ծախսվել, վերջապես գտել են ռազմական հանցագործին։ Հարմար առիթը եղել է 1921թ–ի մարտի 15–ին։
Մեջբերենք Սողոմոն Թեհլերյանի խոսքերը. «Ես մայթից իջա կամրջամաս, որպեսզի հետևից մոտենամ նրան, բայց հանկարծ ինչ–որ բան կանգնեցրեց ինձ, հազար անգամ ստուգված, ակնհայտ բանը մի պահ կասկածելի թվաց ինձ` արդյո՞ք նա է։
«Մոտենալ առջևից, առջևից, առջևից և ուղիղ ճակատին։ Շուտ, շուտ, վազիր…»
Գնալով հանդիպակաց մայթով` ես հավասարվեցի նրան, արագ քայլերով առաջ անցա նրանից, տեղափոխվեցի այն մայթը, որով գնում էր Թալեաթը։ Ընդառաջ գնացի։ Մենք մոտեցանք իրար։ Նա զբոսնելով քայլում էր` անհոգ թափահարելով ձեռնափայտը։ Մեր միջև քիչ տարածություն էր մնացել, և իմ ամբողջ էությունը բռնկվեց զարմանալի հանգստությամբ։ Երբ մենք մոտեցանք, Թալեաթը նայեց ինձ. աչքերում երևաց մահվան վախը։ Նա այդպես էլ չարեց վերջին քայլը, փորձեց խուսափել, բայց ես ակնթարթորեն հանեցի զենքը և կրակեցի նրա գլխին»։
Բնականաբար, Թեհլերյանը ձերբակալվել է, բայց դատավարությունը և աննախադեպ արդարացումն իսկական սենսացիա են դարձել։ Նրան պաշտպանել են երեք փաստաբաններ, որոնց շարքում եղել է դոկտոր Կուրտ Նիմայերը` Քյոլնի համալսարանի պրոֆեսորը։ Եվրոպական հանրությունը սարսափով մանրամասներ է իմացել հրեշավոր գազանությունների մասին, որոնք կատարվել են մի քանի տարի առաջ. պաշտպանությունը ներկայացրել է բազմաթիվ վկաների, որոնց պատմությունները քչերն են համարձակվել հրապարակել մամուլում։ Շատ բան մնացել է դատական նիստերի սղագրություններում։
Թվում էր` սկսել են դատել Թեհլերյանին, բայց իրականում դատել են Թալեաթին։
Սողոմոն Թեհլերյանը գրեթե 30 տարի ապրել է Սերբիայում, հետո` ԱՄՆ–ում, որտեղ մահացել է 1960թ.–ին։ Նա ապացուցել է, որ հատուցումն անխուսափելի է, և մարդասպանները ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ արդար դատաստան առաջ կկանգնեն։ Դրանից հետո օսմանյան մարդասպաններից ոչ մեկը հանգիստ չի ունեցել, եթե անգամ իրենց մահով են մահացել։
Հաջորդ տարի Սիրիայի ռազմական և քաղաքացիական կառավարչին` այդ տարիներին Ջեմալին, Թիֆլիսում ոչնչացրել է Պետրոս Տեր–Պետրոսյանի, Արտաշես Գևորգյանի, Զարե Մելիք–Շահնազարյանի և ուրիշների խումբը, իսկ Էնվերին Տաջիկստանում գտել է Յակոբ Մելքումովը. նա թրով թռցրել է նախկին ռազմական նախարարի գլուխը։
Հետո ոչնչացվել են մյուս տականքները, հայոց կոտորածների մի շարք կազմակերպիչներ նույն տարիներին վերացվել են ներկա Ադրբեջանի տարածքում` Բաքվում և այլ վայրերում։ «Նեմեսիս» գործողությունը խորհրդանշական սկիզբ է ունեցել, բայց փաստորեն առ այժմ անավարտ է մնում…