Վանաձորի հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանները բացասական են. մարզպետ

Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կորոնավիրուսի թեստերի պատասխանների մասին գրել է Facebook-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանը բացասական է: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև` «Գլորիայի» իտալացի աշխատակցինը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ։ Նիկողոսյանը տեղեկացրել էր նաև, որ նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնելու

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հիվանդանոց տեղափոխվածներից երեքը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են, որոնցից մեկն իտալացի է։

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին

Նշենք, որ այս պահին Հայաստանում  կորոնավիրուսով վարակված 13 անձ կա։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Մարտի 13–ի առավոտյան ևս 2 դեպք հաստատվեց, ուշ երեկոյան Թորոսյանը հայտնեց ևս 5 հաստատված դեպքի մասին։

Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ