ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հրամանով՝ վաղվանից մինչև մարտի 23-ը հանրապետությունում դադարեցվում է ուսումնական գործընթացը, չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են մշակութային, մարզական և այլ մասսայական միջոցառումներն ու հանդիպումները: Տեղեկությունը հաղորդում է Արցախի Հանրապետության ԿԳՍ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշման համար հիմք է ընդունվել Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականը։
Նախարարը Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարել է այս հրամանը հասցնել Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին:
Արցախի Հանրապետությունում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու դեպք չի գրանցվել, իսկ Հայաստանում արդեն 8 հաստատված դեպք կա։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից
Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։
Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։
Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք է հաստատվել։
Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ:
Ամփոփելով կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար հրավիրված խորհրդակցության արդյունքները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ–ում կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի։
Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է