Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնելու

ՀՀ վարչապետը խոսել է կորոնավիրուսի մասին` անդրադառնալով Աննա Հակոբյանի ու Բրազիլիայի նախագահի տիկնոջ հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է կնոջ հետ մեկուսանալ Սևանում։ Նա իրենց որոշման մասին հայտնեց Facebook–ի ուղիղ եթերում։ 

Պատճառը եղել է Աննա Հակոբյանի և Բրազիլիայի նախագահի տիկնոջ` Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուի հանդիպումը, որը կայացել է մարտի 7-ին։ Ավելի վաղ O Dia պարբերականը հայտնել էր, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի թեստ է անցել, և արդյունքը դրական է եղել։ Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ նախագահի երկրորդ թեստի արդյունքը բացասական է եղել։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսի թեստ են հանձնելու

«Երեկվանից մի քիչ անհանգստացած էինք, որովհետև լուր կար, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի թեստ է անցել։ Երեկ այդ մասին իմանալով` մենք որոշեցինք մեկուսանալ և այսօր երեկոյան մեկնեցինք Սևան։ Առաջին գործողությունը, որ արեցինք, մեր ջերմությունը չափելն էր։ Համոզված էինք, որ խնդիր չի լինի, և մեզ մոտ իսկապես ջերմություն չկար»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` վաղը թեստ կհանձնեն, թեև մասնագետների հետ խորհրդակցել են, և, նրանց խոսքով, հավանականությունը շատ քիչ է, որ պատասխանը դրական կլինի։

Վարչապետը խոստացավ, որ կորոնավիրուսի թեստ անցնելուց հետո պատասխանը կհայտնեն հանրությանը:

Փաշինյանը համոզվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն ամեն մարդու պատասխանատվությունն է ինքն իր անձի և շրջապատի նկատմամբ։

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

«Մենք նաև օրենսդրական հնարավոր փոփոխություններն ենք քննարկում, որ համաճարակային իրավիճակում ժամանակին բժշկին չդիմելը, չինքնամեկուսացվելը կարող է հանգեցնել որոշակի պատասխանատվության», -  ասաց նա:

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 5 դեպք է բացահայտվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13–ի։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 11-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք էր հաստատվել։