Հայաստանն ու Վրաստանը կասեցնում են քաղաքացիների տեղաշարժը

Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժը կկասեցվի և՛ քաղաքացիների, և՛ տրանսպորտի բոլոր տեսակների համար։ Սահմանափակումները չեն տարածվի միայն բեռնափոխադրումների վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը որոշել են մարտի 14-ից ժամանակավորապես կասեցնել  քաղաքացիների տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը, մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած, 10 օրով ժամանակավորապես կասեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Միաժամանակ, ըստ Ավինյանի, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր:

Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:

«Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,– նշել է Ավինյանը։

 

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք հաստատվեց, ընդհանուր թիվը դարձավ 8։

Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԲ-ն հորդորում է օգտվել անկանխիկ վճարամիջոցներից