Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ մանրամասներ հայտնեց կառավարությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Կառավարության նիստի մեկնարկից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված երեք անձանց հետ շփված անձանցից 10–ը մեկուսացվել են Ծաղկաձորում` «Գոլդեն փելես» հյուրանոցում, սակայն  հնարավոր է` օրվա ընթացքում էլի մեկուսացումներ լինեն հատուկ պահման վայրում։

Էջմիածնի քաղաքապետը հաստատեց` կորոնավիրուսով վարակվածներից մեկն իրենց քաղաքի բնակիչ է

«Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակման հաստատված 4 դեպք։ Երեքն այս պահին ախտանիշներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են գանգատներ։ Նրանցից մեկն ունի թոքաբորբ և գանգատներ»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` երեք պացիենտներն էլ ժամանել են Իտալիայից, ժամանման պահին գանգատներ չեն ունեցել, սակայն գանգատներ ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։

Թորոսյանը հայտնեց` վարակվածների հետ շփված անձինք նաև տներում են մեկուսանում։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ կիրակի Հռոմից Երևան թռիչք կլինի, և ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից:

Ավելի ուշ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան ուղիղ եթերում վստահեցրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի լոկալ տարածում չկա, նոր հայտնաբերված 3 պացիենտների դեպքում վարակը ձեռքբերովի է, իրավիճակը մնում է կառավարելի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: