ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը, հորդորում է հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ։
Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության Facebook–յան էջում, որով պահանջում են Գերմանիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին իրենց ուղարկել տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր (երկիր, երկրամաս, քաղաք) և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) armconsulargermany@mfa.am էլ-փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «Հյուպատոսական հաշվառում»:
Դեսպանությունը նաև հիշեցնում է, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը հետևյալն է՝ https://germany.mfa.am/hy/consular-registration/,
ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի էլեկտրոնային փոստի հասցեն` armconsulargermany@mfa.am,
ՀՀ դեսպանության հեռախոսահամարը (թեժ գիծը)՝ +49 176 58347590
Նշենք, որ վերջին տվյալներով` Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել են 2078 մարդ, նրանցից 4–ը մահացել են։ Աշխարհում կորոնավիրուսի նոր տեսակով` COVID-19–ով հիվանդացած մարդկանց թիվը մարտի 12–ի դրությամբ հասել է 126 258–ի, 4638 մարդ մահացել է։ ԱՀԿ նախագահը մարտի 11–ին կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը հայտարարել է համավարակ (պանդեմիա)։