«Օֆշորի» հայտնի գործը նոր ընթացք է ստանում. գործարարին նորից կկալանավորե՞ն

Աշոտ Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը գործի նոր ընթացքից որոշ մանրամասներ է հայտնել լրագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. «Օֆշորի» հայտնի գործով կալանավայրում հայտնված ադամանդագործ, գործարար Աշոտ Սուքիասյանի ազատ արձակվելուց հետո տուժող կողմը՝ Փայլակ Հայրապետյանը, դիմել է Վճռաբեկ դատարան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուքիասյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը հայտնեց՝ բողոքն անհիմն է:

Տեղեկացրել էինք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ այս տարվա հունվարի 31-ին ազատ է արձակվել հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը: Նրան դեռ 2017թ.-ի հոկտեմբերի 2-ին Առաջին ատյանի դատարանը  մեղավոր էր ճանաչել և դատապարտել 16 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել էր վերջինից բռնագանձել 8 մլրդ 919 մլն դրամ՝ հօգուտ գործով տուժող  գործարար Փայլակ Հայրապետյանի, և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:

Սկանդալի մեջ հայտնված գործարարը նամակ է գրել բանտից. ի՞նչ կապ ունի Նարեկ Սարգսյանը

«Փայլակ Հայրապետյանի պաշտպանական կողմի բողոքները հիմնավորված չեն, քանի որ փաստարկներ, պատճառաբանություններ չկան, թե ինչու են դեմ Առաջին ատյանի դատարանի որոշմանը: Բացի այդ, մենք բացարկ ենք հայտնել Վճռաբեկ դատարանի կազմին, քանի որ տեղի դատավորներից որոշները կապեր ունեն Փայլակ Հայրապետյանի հետ»,-ասաց Լուսինե Զեյնալյանը:

Փաստաբանը հայտնեց՝ իրենք ուսումնասիրություն են կատարել ու պարզել՝ Վճռաբեկ դատարանի երկու դատավոր փոխկապակցված են Փայլակ Հայրապետյանի հետ: Տարիներ առաջ, ըստ Զեյնալյանի, Հայրապետյանի որդին՝ Հայրապետ Հայրապետյանը, աշխատել է այդ դատավորների հետ: Փաստաբանը հայտնեց, որ խոսքը, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի դատավոր Լիլիթ Թադոսյանի և նրա հոր` Զելիմ Թադևոսյանի մասին է:

Զեյնալյանը նշեց, որ Աշոտ Սուքիասյանի դեմ այս քրեական գործերը միայն մեկ նպատակ ունեն՝ նրան դուրս բերել բիզնեսից: «Սուքիասյանի դեմ այս արշավը տեղի է ունեցել Փայլակ Հայրապետյանի հետ պայմանավորվածությամբ, որպեսզի նա մտներ Սուքիասյանի բիզնեսի մեջ, նրա բիզնեսը տապալեր: Ավելին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, նշանադրվեց Հայրապետյանի եղբոր թոռնուհու հետ, դրանից հետո ավելի ակտիվ գործունեություն սկսվեց Սուքիասյանի դեմ»,-ասաց պաշտպանը:

Կրակոցներ են արձակել «Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ տղայի մեքենայի ուղղությամբ

Զեյնալյանի խոսքով՝ երբ այս տարի վերջապես վերականգնվել է Սուքիասյանի նկատմամբ արդարությունը, հիմա նորից փորձում են նրան «կոտրել»: Պաշտպանը հայտնեց նաև, որ չնայած այս ամենին Սուքիասյանը չի կաշկանդվել և շարունակելու է բիզնեսի ոլորտում իր գործունեությունը:

Նշենք, որ Սուքիասյանի գործով Վճռաբեկ բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ:

ՀՔԾ-ն հաստատեց` Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվել է

Հիշեցնենք՝ Աշոտ Սուքիասյանին մեղադրանք էր առաջադրվել խարդախության, փողեր լվանալու և հարկերից խուսափելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից` 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը,Սուքիասյանն «Ամերիաբանկ» ՓԲ-ից ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները: