ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում որոշել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ճանաչել ծեծի պատճառով հիվանդանոցում հայտնված 13-ամյա աղջկան` Նազելի Խաչատրյանին, և նրա եղբորը: Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:
Հաջորդ քայլը աղջկա նկատմամբ խնամակալություն սահմանելն է: Սակայն այս խնդիրը հանձնաժողովն այսօր չի քննարկել, հարցը հետաձգվել է: Նշենք, որ Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը աղջկա խնամակալությունը ստանձնելու մեկ դիմում է ստացել, սակայն այն կքննարկվի միայն հարազատների վերջնական որոշումից հետո:
«Հարազատներից արձագանք դեռ չի եղել, եթե նրանցից արձագանք այդպես էլ չլինի, արդեն կանդրադառնանք մյուսներին»,- ասաց խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը՝ հավելելով, որ հապճեպ որոշում չեն կարող կայացնել. անհրաժեշտ է համակողմանի ուսումնասիրություն:
Նշենք, որ 13-ամյա աղջկա խնամակալության դիմումատուն Երևանի բնակիչ Նվարդ Մանասյանն է: Խնամակալության հարցը որոշելու ժամանակ հաշվի կառնվի նաև աղջկա կարծիքը:
«Մինչև չլինի երեխայի համաձայնությունը, մենք որևէ մեկին չենք կարող ճանաչել խնամակալ: Այս պահին նաև չգիտենք, թե երեխայի առողջական հարցերն ինչպես կկարգավորվեն: Օրենքի պահանջ կա, որ խնամակալը պետք է պարտադիր բնակվի երեխայի հետ, իսկ այս պարագայում դեռ խնդիր կա, մենք չգիտենք` ճիշտ է նրա` Երևանում, թե Գյումրիում մնալը»,-բացատրեց Բաղրամյանը՝ կարևորելով նաև Նազելիի եղբոր հարցը, որը չափահաս կդառնա այս տարվա սեպտեմբերին:
«Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը». Գյումրիում խաղաղ ակցիա էր
Ի դեպ, երեխաների խնամակալ դառնալուց հրաժարվել է Գյումրիում բնակվող հորաքույրը, իսկ մայրական կողմի հարազատները, ըստ տեղեկությունների, երկրում չեն. մորաքույրը ՌԴ-ում է բնակվում, իսկ մորեղբայրը` Գերմանիայում:
«Բոլորն էլ տեղեկացված են, բայց ոչ մեկն էլ այս պահին խնամակալության ցանկություն դեռ չի հայտնել , չեն էլ արձագանքել»,-նշեց Բաղրամյանը:
Աղջկա եղբայրը Ռուսաստանից Հայաստան է ժամանել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` ծեծի հետևանքով մահացած նրանց մորը դեռ չեն հուղարկավորել, իսկ որդին եկել է մասնակցելու վաղը կայանալիք մոր հուղարկավորությանը։ Կնոջ հուղարկավորությունը կկազմակերպի Գյումրու քաղաքապետարանը, նրան հողին կհանձնեն ծնողների կողքին։
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը
Հիշեցնենք` մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա Նազելի Խաչատրյանը: Նրանք մայր ու դուստր են: